
Մերկելի կուսակցական դաշինքը Շուլցի կուսակցությանը գերազանցում է 8 տոկոսով. հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունը 8 տոկոսի է հասցրել Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ ունեցած առավելությունը, որի առաջնորդը կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցն է: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով անցկացրել է Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը:
Հարցման տվյալների համաձայն, կուսակցական միության վարկանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ չի փոխվել եւ կազմում է 36 տոկոս, սակայն սոցիալդեմոկրատների ժողովրդականությունն անցյալ շաբաթվա 31 տոկոսից ընկել է մինչեւ 28 տոկոս:
«Ձախերին» պաշտպանում է հարցման մասնակիցների 8 տոկոսը, նույնքանն էլ արտահայտվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցության եւ «Կանաչների» կուսակցության օգտին:
Գերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցության վարկանիշն այս շաբաթ բարձրացել է մինչեւ 7 տոկոս: Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին: Դրանց արդյունքներով կձեւավորվի կառավարություն եւ կհայտարարվի կանցլերը (կառավարության ղեկավարը), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: