«Եվրատեսիլի» 36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են Ուկրաինա
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն։
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 7-ին Կիեւում: Դրա եզրափակիչը պլանավորված է մայիսի 13-ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Մրցույթին կմասնակցի 42 երկիր:
«36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են «Եվրատեսիլ-2017»ին, 27 կոնկուրսանտներ արդեն լիամասշտաբ փորձեր են անցկացրել գլխավոր բեմի վրա»,-գրել է Կիրիլենկոն Facebookի իր էջում:
Նախօրյակին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի գրեթե 400 մասնակիցներ եւ թիմերի անդամներ արդեն ժամանել են երկիր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: