Բաժիններ՝

«Ես իմ աշխատանքային գործունեության 40 տարիների ընթացքում նման դեպք չեմ հանդիպել». Անդրանիկ Պողոսյանը՝ հնգյակի լույս աշխարհ գալու մասին

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը ոգեւորված է՝ Հայաստանում առաջին անգամ տեսնելով մեծամորցի ծնողների ընտանիքում ծնված հնգյակին: Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով՝ այս դեպքի բացառիկությունը կայանում է նրանում, որ հղիությունը եղել է բնական ճանապարհով. նույնիսկ «էկո» տարբերակով հնգյակ չի հանդիպել:

«Այսօր պետք է ասեմ, որ շատ ուրախալի լուր եմ հայտնում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 4-ին առաջին անգամ ծնվել է հնգյակ. եթե չեմ սխալվում, այն առաջինն է Հայաստանում: Բոլոր երեխաները կենդանի են ծնվել, նրանց առողջական վիճակը կայուն է, բժիշկների հսկողության տակ են գտնվում: Մայրիկի առողջական վիճակն էլ է կայուն, բարձր տրամադրություն ունեն թե հայրիկը, թե մայրիկը: Մենք դեռ պետք է շատ ջանք գործադրենք, որպեսզի երեխաների կյանքին վտանգ չսպառնա»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ նորածինները դեռ 1-2 ամիս կմնան հիվանդանոցում, մինչեւ նրանց քաշը լինի 2 կգ:

Նորածին հնգյակից չորսը աղջիկ են, մեկը՝ տղա, որը ամենախոշորն է իր քաշով:  Նրանցից 4-ը ծնվել են 800-900 գրամ քաշով, իսկ մեկը՝ 620 գրամ:

Բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ով ընդունել է անմիջական ծնունդը, իրականացրել է կեսարյան հատումը, նշեց, որ սա հաղթանակ է, որ կարողացել են հնգյակի սպասող կնոջ հղիությունը հասցնել մինչեւ 28 շաբաթականի:

«Ծննդաբերողին անմիջականորեն հետեւել ենք չորս շաբաթականից սկսած, երբ առաջին անգամ դիմել էր հիվանդանոց: Համապատասխան ստուգում անցկացնելուց հետո պարզվեց, որ հնգյակ է ունենալու: Հետեւելով մենք կնոջը հասցրինք մինչեւ 6 ամսական, որից հետո նա արդեն հիվանդանոցում մեր հսկողության տակ էր մնում: Համաշխարհային պրակտիկայում չի հանդիպում, որ նման հղիությունը հասնի մինչեւ 28-30 շաբաթական: Հնգյակը աննախադեպ է, եւ առաջին անգամն է հանդիպում Հայաստանում: Ես իմ աշխատանքային գործունեության 40 տարիների ընթացքում նման դեպք չեմ հանդիպել: Եռյակներ եղել են, մեկ անգամ հանդիպել ենք նաեւ քառյակի, բայց հնգյակը մեզ համար առաջինն է»,-ասաց բժիշկը:

Նա նշեց, որ իր համար անչափ հուզիչ էր առաջին անգամ ընդունել հնգյակի ծնունդ: «Առաջինը ծնվեց աղջիկ, երկրորդը՝ նույնպես աղջիկ, երրորդը՝ տղա, վերջին երկուսը՝ կրկին աղջիկ: Գերազանց է համարվում այն, որ բոլորը կենդանի են ծնվել՝ չնայած թույլ ճիչերով: Այստեղ անհրաժեշտ է եղել բժշկական բրիգադը՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: Նշեմ, որ հինգ նորածինները հիվանդանոցի հետ կապված զուտ տեխնիկական պատճառներով գտնվում են տարբեր ծննդատներում»,-նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս