«Անուններն ընտրել ենք, բայց դեռ չենք բաշխել, չգիտենք՝ որը որն է». հնգյակ լույս աշխարհ բերած 23-ամյա մայրիկ
Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը 4:00-ին մոտ, Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա: Տեղի ունեցածն աննախադեպ է այն իմաստով, որ երեխաները ծնվել են բնական ճանապարհով։
Բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ և ԱՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը լրագրողների հետ զրույցում նկատել է՝ «Էրեբունի» հիվանդանոցի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հնգյակ է ծնվել:
Երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, 24 տարեկան է, մայրը՝ Լուսինե Պողոսյանը՝ 23 տարեկան: Ծնողներն արդեն որոշել են երեխաների անունները՝ Արա, Աննա, Լիլիթ, Թեհմինե, Ռոզի: «Անուններն ընտրել ենք, բայց դեռ չենք բաշխել, չգիտենք՝ որը որն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վարդանը:
Երեխաները ծնվել են 28 շաբաթական և մինչև 37 շաբաթը լրանալը կմնան հիվանդանոցում:
Ի դեպ, երեխաների ծնողները, տատիկը, պապիկը, Վարդանի փոքր եղբայրը և, փաստորեն, նաև նրանց հինգ երեխաները՝ 10 հոգի, ապրում են Մեծամորում՝ հանրակացարանում: Նշյալ հանրակացարանի 4-րդ հարկում նորածինների տատիկ-պապիկի տունն է՝ 16 քմ տարածքով, իսկ 5-րդ հարկում վարձել են երկու սենյականոց բնակարան:
Նորածինները լավ են, միայն աղջիկներից մեկն է գտնվում «Էրեբունի» ԲԿ-ում, մյուսները տեղափոխվել են տարբեր այլ հիվանդանոցներ:
Ամենափոքրիկ երեխայի քաշը մոտ 600 գրամ է: Մյուսները կշռում են 700-950 գրամ:
Ընտանիքի միակ կերակրողը նորածինների երիտասարդ հայրն է, որ ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ: Վարդանի հայրը որոշել է անցնել պայմանագրային զինծառայության:
40 տարվա աշխատանքային փորձ ունեցող ծննդատան ղեկավար, ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանն էլ իր հերթին՝ նշել է, որ 1980 թվականից սկսած՝ իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում, առաջին դեպքն է, որ հնգյակ է լույս աշխարհ եկել։
«Սա բացառիկ դեպք է. ունեցել ենք երկվորյակներ, եռյակներ, անցյալ տարի նաև քառյակ է ծնվել, բայց հնգյակի ծնվելու դեպքն առաջինն է», – ասել է նա։
Լուսանկարները՝ news.am-ի, shamshyan.com-ի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի: