Դավիթ Տոնոյանն ընդունել է Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը
Մայիսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր գործունեությունն աղետների ռիսկերի նվազեցման, մարդածին և բնական աղետներին բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտում:
Քննարկվեցին «Տավիթյան» հիմնադրամի միջոցով ԱԻՆ-ի, նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջև կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին նաև ակադեմիայում դասավանդող դասախոսական կազմի և նախարարության աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, գործառույթներին և «911» ծառայության գործունեությանը: