ՌԴ-ն և Թուրքիան զենքի համատեղ ստեղծման նախագծեր են քննարկում
Սպառազինությունների ռուսաստանյան հատուկ արտահանող «ՌոսօբորոնԷքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) թուրք գործընկերների հետ քննարկում է զենքի հեռանկարային նմուշերի ստեղծման մի շարք նախագծեր: Այդ մասին հայտնել է ընկերության մարկետինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:
«Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը հետաքրքրվում է ռազմական նշանակության լայն ընդգրկման արտադրանքով, մասնավորապես, տարբեր հեռահարության ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերով: Բացի այդ, մենք տեխնոլոգիական գործընկերության մի շարք նախագծեր ենք քննարկում զենքի հեռանկարային տեսակների համատեղ մշակումների եւ
արտադրության բնագավառում»,-Գոնչարովի խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ «ՌոսօբորոնԷքսպորտը» 2016 թվականի վերջից թուրք գործընկերների հետ ակտիվորեն կոնսուլտացիաներ է վարում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների շուրջ: Մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ ընկերությունը միասնական ռուսաստանյան ցուցադրանքի կազմակերպիչն է պաշտպանական արդյունաբերության IDEF-2017 միջազգային ցուցահանդեսում, որն Ստամբուլում տեղի է ունենալու մայիսի 9-ից մինչեւ 12-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: