«Թախանձագին խնդրում եմ, հեռու մնացեք Արթուրից արդեն, Արթուրի շիրիմը դառել է բիզնես ծրագիր». Հաց բերողի մայր. «Հրապարակ»

Հարցազրույց Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մոր՝ տիկին Դոնարայի հետ

– Արթուր Սարգսյանի մահվանից հետո ստեղծվել էր հանձնախումբ՝ հուղարկավորության հարցերով, ի՞նչ է արել այդ հանձնախումբը։

– Ոչ մի աջակցություն չի եղել, մահվան ժամանակ եղել է դուդուկ, մի մեքենա է եկել, սրահի փողը վճարված է եղել, անհայտ մարդիկ են վճարել, չնայած ես գիտեմ, թե ովքեր են։ Երբ հոգեհանգստի հացն էին տալիս, շատ մարդիկ նստել են, հացը կերել են, այդ փողն էլ է վճարված եղել էլի ուրիշ մարդու կողմից։

– Դուք տեղյա՞կ եք՝ հանձնաժողովին գումարներ փոխանցում են։

– Չգիտեմ, թե ինչ գումարներ են եկել, բայց գիտեմ, որ թաղման հանձնաժողով էր կազմվել, որտեղ ընդգրկված էր Արսենս՝ իմ տղան։ Պետք է այդ հանձնաժողովը զբաղվեր Արթուրի գերեզմանի հարցերով, էնտեղ ծախսվել է մի գումար՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը պրոյեկտներ պետք է կազմեր, մենք ձեն չհանեցինք, մենք ուզում էինք Արթուրին տանեինք էդտեղից, բայց ասացին, որ ոչ մի տեղ չպիտի տարվի Արթուրը, ստիպված ժամանակավոր բերեցինք էդտեղ։

Պատվանդան սարքեցին, Արթուրին դրեցին վրան, եւ սպասում եմ անընդհատ, ես չեմ հասկանում՝ ժամանա՞կ են շահում, ինչո՞ւ էին անընդհատ ձգձգում։ Քառասունքից հետո կհանենք-կտանենք գյուղ, չենք տանի, եղբայր, նա իմ տղան է, պիտի թաղեմ իմ տղային։ Էրեխես ինչքան պիտի մնա պատվանդանի վրա։

– Դուք ցանկանում եք, որ Ձեր որդին՝ Արսենը, դուրս գա հանձնախմբից, ինչո՞ւ։

– Արթուրը պետք է իր արժանի տեղը գտնի, բայց ուշացնում են, ժամանակ են շահում, չեն խոսում, չեն զանգում։ Ուրեմն ես հայտարարում եմ, որ իմ տղային այդտեղից հանեն, որովհետեւ Արսեն Սարգսյանն էլ է այդ հանձնաժողովում ու տեղյակ չէ ոչ մի բանից՝ ինչ են անում, ինչ չեն անում։

Խնդրում եմ՝ այդ հանձնաժողովը թող լուծարվի, այն, ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի թաղմանը։ Ես իմ տղային կտանեմ-կթաղեմ՝ որտեղ, ոնց, ինչ՝ հանձնաժողովի գործը չէ արդեն։

Թախանձագին խնդրում եմ՝ հանձնաժողով, հեռու մնացեք Արթուրից արդեն, Արթուրի շիրիմը դառել է բիզնես ծրագիր, դա ինձ դուր չի գալիս։ Ինձ զանգում են, ասում են, ես շատ վիրավորված եմ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս