Աշխատանքից ազատված մանկապարտեզի տնօրենը Տարոն Մարգարյանին դատի է տվել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի համար 46 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Աղաբեկյանը, որն անցյալ տարվա նոյեմբերին երկու այլ տնօրենների հետ միասին մեծ աղմուկով ու գրչի մեկ հարվածով ազատվեց աշխատանքից, դիմել է դատարան:

«Այս տարվա հունվարին հայցվոր Գայանե Աղաբեկյանի դիմումը մուտք է եղել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, հայցապահանջը վերաբերում է աշխատանքից ազատման կարգադրությունները անվավեր ճանաչելուն, աշխատանքում վերականգնելուն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելուն»,- մեր զրույցում ասաց մանկապարտեզի նախկին տնօրենի փաստաբան Յուրի Շիրինյանը:

Նրա տեղեկացմամբ, դատական գործով առայժմ նշանակված է եղել մեկ դատական նիստ, որը հետաձգվել է` պատասխանողի կողմից ներկայացված պատասխանին ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը նախատեսված է հունիսին: «Դեռեւս գործը, կարելի է ասել, նոր է սկսվել եւ իր բնականոն հունով ընթանում է»,- արձանագրեց փաստաբանը:

Նա հույս հայտնեց, որ դատարանի միջոցով կվերականգնվեն իր վստահորդի խախտված իրավունքները:

«Մենք համոզված ենք, որ մեր վստահորդի իրավունքները խախտվել են եւ դիմել ենք դատարան, հետեւաբար մեր սպասելիքը միայն արդարադատության ակնկալումն է, ուրիշ ոչինչ, ինչը որ, կարծում ենք, մեր պահանջների բավարարումն է ամբողջությամբ»,- նշեց «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբանը:

Մանկապարտեզի տնօրեններին աշխատանքից ազատելու պատճառաբանությունը ջեռուցումն էր: Այն ժամանակ հայտարարվել էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին աշխատանքից ազատել թիվ 28, 37 եւ 46 մանկապարտեզների տնօրեններին` այդ հաստատություններում անհրաժեշտ եւ համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար:

Կոլեկտիվներում դա զարմանք ու տարակուսանք էր առաջացրել: Մեզ հետ զրույցում նրանք պնդել էին, որ ջեռուցման խնդիր իրենց մոտ չկա: Համար 46 մանկապարտեզի աշխատակիցներն էլ պատմել էին, որ ամեն ինչ սկսվել է մի անանուն հեռախոսազանգից: Ինչ-որ մեկը, ներկայանալով որպես ծնող, ասել է, թե տվյալ նախակրթարան հաճախող իր երեխան հիվանդացել է ու նաեւ հետաքրքրվել, թե արդյոք մանկապարտեզը ջեռուցվո՞ւմ է:

Հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցը հայտնել է, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, քանի որ դրա համար հրաման պետք է լինի, բայց խմբասենյակները տաքացվում են էլեկտրական տաքացուցիչների միջոցով: Ավելի ուշ մանկապարտեզում իմացել են, որ զանգահարողը լրագրող է եղել, ու այդ թեմայով նրա պատրաստած տեսանյութն էլ պատճառ է դարձել, որ թիվ 46 նախակրթարանի տնօրեն Գայանե Աղաբեկյանն ազատվի աշխատանքից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս