«Մինչև այսօր Հայաստանում գործող բոլոր միավորումները կրել են նախընտրական, էպիզոդային բնույթ»
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները, որոնք առաջիկայում կմիավորվեն մեկ դրոշի ներքո, գալու են լրացնելու Հայաստանի քաղաքական դաշտում առկա բացը, որը մնացել է երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Մայիսի 1-ին լրագրողներ հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
«Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում մեծ գաղափա րական վակուում կա: Եվ ընդհանրապես, քաղաքական դաշտում մեծ բաց կա: Մինչև այսօր Հայաստանում գործող բոլոր միավորումները կրել են նախընտրական, էպիզոդային բնույթ, և չի եղել խոշոր քաղաքական միավորում` գաղափարական, օրակարգային հարցերի շուրջ: «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների հետ մենք ընկերություն ենք արել տարիներ շարունակ:
«Հայազն» կուսակցությունը մշտապես եղել է ՍԴՀԿ-ի գաղափարական հենքի համակիրը, մենք էլ մեր հերթին համակրանքով ենք հետևել իրենց գործողություններին: Հիմա եկել է մի պահ, երբ մենք սկսել ենք համատեղ քաղաքական խորհրդի ձևավորում: Քաղաքական խորհրդի խնդիրն է ապահովել կուսակցությունների միավորումը, որը կարծում եմ` կլինի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում»,- նշեց Գալստյանը:
Նա հավելեց, որ հիմնական խնդիրն այս պահին մեկ օրակարգի ձևավորումն է, և իրենք գնում են այդ ճանապարհով: «Մենք լրացնելու ենք այդ հսկայական բացը, որը կա Հայաստանի քաղաքական դաշտում »,- ասաց Նարեկ Գալստյանը:
Նրա խոսքով` իրենք միավորվում են ընտրություններից հետո, քանի որ իրենց առջև չեն դնում մեկամսյա էպիզոդային խնդիրներ, այլ գնում են միասնական ու երկարաժամկետ օրակարգ ձևավորելու ճանապարհով:
Հարցին` իրենց առջև քաղաքական խնդիր դնո՞ւմ են, թե ելակետային են լինելու սոցիալական ուղղվածության խնդիրները, Նարեկ Գալստյանը պատասխանեց, որ քաղաքական կուսակցությունը չի կարող իր առջև քաղաքական խնդիր չդնել:
«Ինչպե՞ս կարող է քաղաքական կուսակցությունը իր առջև քաղաքական խնդիրներ չդնել: Մենք դնում ենք երկրում մեր ներկայությունն ապահովելու, քաղաքական, սոցիալական, հասարակական դաշտում մեր օրակարգն առաջ քաշելու խնդիր»,- ասաց Գալստյանը:
Նա շեշտեց, որ իրենք աշխատելու են հանուն Հայաստանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացու: Նարեկ Գալստյանի խոսքով` ՀՀ-ում գոյություն ունի քաղաքական գործընթաց, որին մասնակցություն է ունենալու գաղափարական հենքով միավորված և նորացված իրենց թիմը: