Բաժիններ՝

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երեկ տեղի է ունեցել Ֆիլմը պատմում է 1991-92 թվականներին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ առնված Ստեփանակերտում տիրող իրավիճակը և այդ օրերի մասին ականատեսների վկայությունները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի փոխտնօրեն, քաղաքագետ Արմեն Մինասյանն ասել է, որ նման փաստավավերագրական ֆիլմի նկարահանումն իր և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մտահղացումն է եղել:

«Մենք աշխատել ենք ներկայացնել այն իրականությունը, որը 1992 թվականին կատարվել է Արցախում կատարվել է: Ֆիլմում հիմք ենք ընդունել միայն ականատեսների վկայությունները: Շատ շատերի հետ ենք հանդիպել, լսել նրանց, բայց ոչ բոլորի ասածներն ենք գրի առել, քանի որ պատմածների մեջ կրկնություններ են եղել: Չնայած այն լրագրողական աշխատանքի արդյունք է, բայց մտադրություն ունենք ֆիլմին նաև որոշակի գեղարվեստական որակ հաղորդել՝ այն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Մարդիկ ավելի լավ կպատկերացնեն, թե պատերազմի արհավիրքն անցած այսօրվա Ստեփանակերտն ինչ դժվարին ճանապարհ է անցել: Ֆիլմն ավարտվում է Շուշիի ազատագրմամբ: Մեր նպատակն է եղել ներկայացնել ոչ միայն ողբերգականը, այլ նաև արցախյան հերոսամարտի ոգին: Ֆիլմն, անպայման, մենք կթարգմանենք ռուսերեն և անգլերեն:»,-մասնավորապես ասել է Ա. Մինասյանը:

Ֆիլմի համահեղինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ իր խոսքում ասել է. «Կարծում եմ, որ փաստագրական ֆիլմերի նյութեր պետք է ունենանք, որպեսզի հարկ եղած դեպքում քարոզչական զինանոցի այդ վավերագրական փաստարկները օգտագործենք:

Ժամանակի ընթացքում ֆիլմը կներկայացվի միջազգային հանրությանը. համոզված ենք, որ նման կադրերով փաստարկները, պատերազմի և շրջափակման իրական էությունը Արցախի հարցի արդար դատը պաշտպանելու համար մեր ամենամեծ կռվաներն են»:

ԱՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանն էլ, խոսելով ֆիլմից ստացած տպավորությունների մասին, ասել է, որ ֆիլմը բավականին հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է լուրջ փաստավավերագրական տվյալներ, որոնք ներկայացված են հատկապես հարցազրույցների, վկայությունների տեսքով:

«Ֆիլմը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք ինքնապաշտպանության նկատառումներով, մեր կյանքը փրկելու նպատակով ենք ստիպված եղել դիմել ազատագրական մարտերի: Ֆիլմը ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն ի սկզբանե թիրախավորել էին հենց քաղաքացիական անձանց: Պատերազմն էլ իրենք են սկսել և այն մեր ինքնապաշտպանական ուժերի դեմ չէր, այլ քաղաքացիական անձանց: Կարևոր է նաև այն առումով, որ հեղինակները պատրաստվում են ֆիլմը թարգմանել մի քանի լեզուներով: Դրանք հետագայում կարող է լուրջ գործիք լինել միջազգային հանրության, հետազոտողների և տեղեկատվության ոլորտում այլ աշխատողների համար: Հատկապես ֆիլմի թարգմանություններից հետո ադրբեջանցիներն , անպայման, կարձագանքեն: Կարծում եմ՝ նրանք կփորձեն ինչ-ինչ լսարաններում և առցանց հարթակներում խանգարել ֆիլմի ցուցադրությունը:

Բայց, հիմնականում , նման ֆիլմերի հանդեպ նրանց հակազդեցությունը հակառակ ազդեցությունն է թողնում. այն Արցախի հարցի մասին լրացուցիչ քարոզչություն է ապահովում թե՛ իրենց և թե՛ միջազգային լսարանների համար»,- մասնավորապես ասել է Ա, Բեգլարյանը:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին ԱՀ պետական-քաղաքական գործիչներ, ֆիլմում նկարահանվածներ, մտավորականներ և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս