ՍԴՀԿ-ն ու «Հայազնը» միավորվեցին
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և «Հայազն» կուսակցությունները հայտարարեցին միավորման և միասնական օրակարգ ձևավորելու մասին: Կուսակցությունները ստեղծում են միասնական քաղաքական խորհուրդ, որի նպատակն է լինելու երկու թիմերի ընդհանուր քաղաքական տեսակետների մշակումն ու արտահայտումը, ինչպես նաև մեկ միասնական թիմի ձևավորման աշխատանքների կազմակերպումը` ՍԴՀԿ-ի դրոշի ներքո: Կուսակցությունները միավորման մասին հայտարարեցին մայիսի 1-ին կայացած աշխատաժողովի ընթացքում:
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը վստահեցրեց, որ տարիներ հետո ՀՀ քաղաքացիներն անպայման տեսնելու են իրենց աշխատանքի պտուղները: Նա ընդգծեց, որ երկու կուսակցությունների միավորմամբ սկսվում է պայքարի և աշխատավոր քաղաքացու իրավունքների պաշտպանության լայն գործընթաց: «Այդ գործընթացը սկսվում է այսօրվանից: Մենք մի կողմ ենք դրել մեր ամբիցիաները, մեր կուսակցական հպարտությունը և պատրաստ ենք հանուն մեկ գաղափարի ու նպատակի միավորվել մեկ դրոշի ներքո և քայլել առաջ»,- նշեց Մկրտչյանը:
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն արձանագրում է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունենում աննախադեպ քաղաքական գործընթաց, երբ երկու քաղաքական կուսակցությունները միանում են ոչ թե նախընտրական շրջանում, ոչ թե առաջիկա որևէ ընտրության մասնակցելու ու հետագայում տուն գնալու նպատակով, այլ միավորվել են նախ և առաջ ձևավորելով քաղաքական և գաղափարական օրակարգ: «Եթե պատմական էքսկուրս անցկացնենք, կտեսնենք, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր միավորումներն ու կոալիցիաներն առա ջին անհաջողության դեպքում անմիջապես փլվում են: Դրա պատճառն այն է, որ այդ մարդիկ չունեն նույն գաղափարները: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ թե՛ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, թե՛ «Հայազն» կուսակցությունը, թե՛ այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք հետագայում միանալու են մեզ, ունեն մեկ գաղափարական հենք, մեկ ընդհանրական մոտեցում և մեկ քաղաքական օրակարգ: Եվ հենց այդ օրակարգն է, որ մեզ բոլորիս առաջ է տանելու»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով` երկու կուսակցությունների միավորումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ երկրի ապագան միայն ու միայն առանձնահատուկ գաղափարախոսություն ունեցող քաղաքական կուսակցություններն են: Մենք միանում ենք, որովհետև մենք կիսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ձևերը, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ են ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք սպասարկում են խոշոր կապիտալի շահերը, ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք մուրացիկի հայացքով տարբեր օտարերկրյա դեսպանատ ներում ինչ-որ գումարներ են մուրում սեփական գոյությունը պաշտպանելու համար, ոչ թե այնպիսի կազմակերպություններ, որոնք դառնում են օլիգարխների գործիք, այլ կազմակերպություններ, որոնց միացնողը Հայաստանն է ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- ընդգծեց Նարեկ Գալստյանը:
ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետը հայտնեց, որ որպես առաջին քայլ երկու կուսակցությունները ձևավորում են միասնական քաղաքական խորհուրդ, որը մշակելու է մեկ միասնական օրակարգ, գործուն մեխանիզմներ ՀՀ-ում աշխատավոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Նա նաև տեղեկացրեց, որ ձևավորվելիք միասնական քաղաքական խորհուրդը կգլխավորի «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: Առաջիկայում կկայանա խորհրդի առաջին նիստը, որից հետո կտարածվի հայտարարություն առաջիկա անելիքների մասին:
«Մենք չենք գնալու լալահառաչ կոչերի, պոպուլիստական հայտարարություններով հանդես գալու ճանապարհով: Մենք գնալու ենք աշխատելու և ներկայացնելու մեր ծրագրերն ու նպատակները: Իսկ այս ամենի հեռակա նպատակը մեր կուսակցությունների միավորումն է:
«Հնչակյան» կուսակցության դրոշի ներքո մենք շարունակելու ենք մեր գաղափարական և օրակարգային պայքարը: Սա մեր առջև դրված ամենակարևոր խնդիրն է: Սա ոչ միայն խնդիր է, այլ ձև է, ծրագիր է ու նպատակ` հասնելու հիմնական խնդրին: Իսկ հիմնական խնդիրն առողջ, ամուր, սոցիալապես պաշտպանված, գիտակից և կրթված քաղաքացիներով Հայաստանի Հանրապետությունն ունենալն է»,- եզրափակեց Նարեկ Գալստյանը:
Աշխատաժողովի ընթացքում կուսակցություններն ընդունեցին Հայաստանում աշխատավոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ մանիֆեստ: