Հակարիի հովտում հայտնաբերվել է ժայռափոր «Եղեգնու ձորի ճգնավոր» եկեղեցին
Արցախի Հանրապետության Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի միջին մասում թե՛ աջ և թե՛ ձախ կողմերում կան ժայռակերտ ձորակներ, որոնցում շատ են բնական քարանձավները: Դրանք բազում դարեր առաջ ծառայել են հայ մարդուն՝ որպես բնակարան ու որպես հոգևոր շինություն: Շրջանում ավեր ու կիսավեր, ամբողջությամբ պահպանվել են մի քանի տասնյակ եկեղեցիներ, որոն ց մի մասը ժայռափոր են: Ծաղկաբերդ համայնքի տարածքում՝ գյուղից մոտ 3 կմ հարավ, պահպանվել է Քրոնքի վանք-ժայռափոր եկեղեցին: Իսկ 8,2 կմ հյուսիս-արևմուտք՝ նախկին Ներքին Ջիջիմլի գյուղից 1 կմ հյուսիս-արևելք՝ք՝ ՀՀ Սյունիքի մարզի Կորռնիձոր գյուղից 2,3 կմ հարավ-արևելք՝ կտրատված ռելիեֆով անմարդաբնակ, անջրդի ու անօգտագործելի ձորում, որին կոռնիձորցիները «Եղեգնու ձոր» (Ղամիշ դարա) անունն են տալիս, կա մեկ այլ ժայռափոր եկեղեցի:
Այն փորված է ձորի հարավահայաց լանջի հրաբխային բռեկչայի (հատակապատում տակ նստած մանրահատիկ կավահողի հաստ շերտի մեջ և ամբո ղջովին ձեռակերտ է: Հուշարձանի կոորդինատներն են՝ 39 32 08,5 N. 46 33 10,2 E. Alt.1000 մ.: Եկեղեցու դիմաց բացվում է մոտ 3 մ լայնությամբ փոքր հրապարակ, որից հետո գալիս է կտրուկ զառիթափը: Եկեղեցու արմտյան և արևելյան կողմերի բռեկչայի ուղղահայաց մերկացումների և նրա կրնկի շփման գծի մեջ բացված են բնական ու ձեռակերտ ոչ խորը անձավներ ու ժայռածածկեր: Շրջակայքում բնակավայրի, գյուղատեղիի հետքեր չեն նկատվում:
Այսօր ձորում նաև աղբյուր և առվակ չկա: Եկեղեցին հարինվածքում միանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն խորանով: Հարավային ճակատից բացված միակ մուտքի եզրագծերը փլուզված են: Ուղղանկյուն սրահը պսակված է երկկենտրոն թաղ հիշեցնող, մինչև 3,28 մ բարձրությամբ առաստաղով: Ուղղանկյունուն մոտեցող սեղանաձև խարանը առանձնանում էր սրահից նեղ, ելուստավոր, ժամանակին կամարակիր մույթերով: Խորանն ունի բարձր (0.8 մ) բեմ և այնտեղ տանող մեկ աստիճան՝ հյուսիսային մույթի տակ: Այն, ի տարբերություն սրահի, պսակվում է կտրած կիսագնդի նմանվող ցածր գմբեթարդով: Խորանի բեմի ճակատային գիծը քայքայված է և այսօր ներկայացնում է կոր բացվածք: Խորանի հյուսիսային պատին պահպանվել է նեղ, կամարակապ որմնախորշ: Սակայն չկա մկրտության ավազան, որը հուշում է՝ մատուռ-եկեղեցին եղել է աղոթարան տարածքի ճգնավորների համար:
Այդ է վկայում նաև այն, որ տարածքում գերեզմանոցի հետք չկա, այսինքն՝ ժայռափորը որևէ բնակավայրի չի պատկանել: Սրահի ու խորանի հատակները հողածածկ են: Եկեղեցու պատերն ու առաստաղը ներքուստ սվաղված են եղել հունցած կավի սևացած սվաղով, որը հիմնականում պահպանվել է:
Ուշագրավ է եկեղեցու լուսավորության կազմակերպումը: Ամենայն հավանականությամբ, մուտքի վրա՝ հարավային ճակատից, բացված է եղել հիմնական լուսավորությունը ապահովող պատուհանը, որը ներկայումս փլուզված է: Եկեղեցաշինության կանոնիկ պահանջներից է արևմտյան ճակատի լուսամուտը և խորանի արևելահայաց պատուհանի առկայությունը:
Այս պարագայում, երբ եկեղեցին արևելքից և արևմուտքից, առանցքով ամբողջ ծավալով ընկղմված է կավաշերտի մեջ, խորանին արևելքից պատուհան բացելը գործնականում անհնարին է: Ուստի խորանի հարավային պատի վերնամասից փորված-բացված է 3 մ երկարությամբ, 0,7 մ տրամագծով կլոր օդանցք-պատուհան, որ, մասամբ ուղղված լինելով դեպի արևելք, կրում էր արևելյան պատուհանի իմաստը: Մոտավորապես նման սկզբունքով լուծված է նաև արևմտյան պատուհանի խնդիրը: Արևմտյան պատի կենտրոնի վերնամասից մի կոր, դեպի դուրս լայնացող սողանցք-պատուհանը՝ մոտավորապես Զ շրաջագծով, շրջանցելով մուտքի եզրագիծը, դուրս է գալիս հարավային ճակատ: Այսպիսով՝ լուծվում է երկու պարտադիր պատուհանների խնդիրը, որոնք, ճիշտ է, բավարար լուսավորություն չեն տալիս, բայց ելքը դեպի արևելք ու արևմուտք ապահովում են:
Եկեղեցում որևէ արձանագրություն կամ զարդարանք չկա: Նրա կառուցման ու գոյատևման մասին լռում են նաև սկզբնաղբյուրները: Դատելով կառուցվածքից ու շինարարական տեխնիկայից՝ եկեղեցին կարելի է թվագրել 14-15-րդ դարերով: Ըստ ամենայնի՝ այն կառուցել ու օգտագործել են այս ձորերի անձավներում ծվարած ճգնավոր հոգևորականները:
Հուշարձանը հայտնաբերել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի և հայագիտակա ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ արշավախումբը՝ Կոռնիձորի բնակիչ Անդրանիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ: Հակարի գետի երկու ափերը 18-րդ դարից սկսած հայաթափ են եղել ու բնակեցվել մահմեդականներով: Այդ ժամանակից սկասած, նաև դրանից առաջ տարածքի հայոց պատմական հուշարձաններին քիչ են անդրադարձել հետազոտողները:
Ազատագրումից հետո հնարավոր է արդեն ուսումնասիրել հայտնիները և հայտնաբերել նորերը: Պատահաբար գտնվեց Հոչանցի անապատ ժայռափոր եկեղեցին, որի մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին: Տարածքի նման հուշարձանների հայտնաբերելու հարցում կարևոր տեղեկություն են տալիս նախկինում ադրբեջանահայկական սահմանին մոտ գտնվող հայկական բնակավայրերի բնակիչները; Հաճախ մեր հայրենակիցները չեն էլ պատկերացնում, որ քարայրում գոյություն ունեցող կառույցը եկեղեցի է, և իրենց տեղեկատվությունը հայոց նոր սրբավայրի հայտնաբերում է:
Զոհրաբ Ըռքոյան