Մակրոնը ԵՄ-ում բարեփոխումների բացակայության պարագայում հայտարարել է Frexit-ի անխուսափելիության մասին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է անցկացնի բարեփոխումներ կամ բախվի ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու հեռանկարին (Frexit): Ինչպես փոխանցում է BBC-ին՝ տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ ինքը եվրոպամետ է և նախագահական ընտրությունների ընթացքում պնդել է «եվրոպական գաղափար»-ի ու ԵՄ-ի քաղաքականության զարգացման վրա, քանի որ այն կարևոր է համարում Ֆրանսիայի
ժողովրդի համար: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կեսը «զայրացած է եվրոպական գաղափարի վրա»:
«Այդպիսով, մեզ անհրաժեշտ է բարեփոխել Եվրոպան, մեզ պետք է նոր Եվրոպական միություն այն իրավիճակում, որպեսզի պաշտպանենք մեր ազգը և կարգավորենք գլոբալիզացիան: Եթե հաջորդ օրը որոշենք քայլեր ձեռնարկել և շարունակել ԵՄ-ի ընթացիկ գործառնությունը, ապա ես կդավաճանեմ իմ ազգը: Ես չեմ ցանկանում այդպես անել, քանի որ հաջորդ օրը մենք կստանանք Frexit և նորից «Ազգային ճակատ»»,-ասել է Մակրոնը:
Նախագահական ընտրություններում Մակրոնի մրցակիցը` «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենն իր բազմաթիվ ելույթներում բազմիցս նշել է, որ իր խնդիրն է համարում վերականգնել Ֆրանսիայի տարածքային, տնտեսական, արժութային և օրենսդրական ինքնիշխանությունը: Ընտրվելու դեպքում նրա առաջնային ծրագրերից մեկն է լինելու Frexit-ի շուրջ հանրաքվեի անցկացումը: