Բաժիններ՝

Չինական կին­ռոբոտը ձախողել է առաջին հարցազրույցը

Չինաստանի Հեֆեյ քաղաքի գիտատեխնոլոգիական համալսարանի մասնագետները ամերիկացի լրագրող Քեւին Քելիի համար հարցազրույց են կազմակերպել Ցզյա Ցզյա մարդանման ռոբոտի հետ: Հումանոիդը չի կարողացել պատասխանել ոչ մի հարցի, ինչի մասին գրել է The South China Morning Post թերթը։

Հարցազրույցը տեղի է ունեցել Skype-­ով՝ անգլերեն լեզվով: Հարցին՝ որտեղ է գտնվում Չինական մեծ պատը, Ցզյա Ցզյան պարզապես պատասխանել է՝ «Չինաստան»: Նա նաեւ չի կարողացել նշել անգլերեն այբուբենի տառերի թվաքանակը, իսկ արհեստական ինտելեկտի շուրջ երկխոսություն վարելու փորձ անելիս անկապ բաներ է ասել: Բոլոր պատասխաններն ուղեկցվել են տեւական դադարներով:

Ռոբոտն ստեղծելու համար ինժեներներին պահանջվել է շուրջ երեք տարի: Խմբի ղեկավար Չեն Սյաոպինը վստահ է, որ հարցերից շատերը բավականին բարդ Էին եւ, նրա կարծիքով, Ցզյա Ցզյան «լավ պատասխաններ» էր տալիս: Սակայն հանդիսականները, որոնք հետեւում էին լրագրողի հետ հումանոիդի խոսակցությանը, հիասթափություն են հայտնել եւ զարմացել, որ նա Alexa եւ Siri ասիստենտներից ավելի վատ է պատասխանել:

«Ռոբոտ աստվածուհի» Ցզյա Ցզյան ներկայացվել է 2016 թվականի ապրիլին: Նա ծրագրավորված է մարդկանց հետ շփվելու համար եւ պատկառանքով գլուխ է խոնարհում զրուցակիցների առջեւ: Նույն այդ կոլեկտիվն ավելի վաղ մշակել է Կեցզյա ծառայական ռոբոտին, որն առաջին տեղն է գրավել 2014 թվականի RoboCup-­ի առաջնությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս