
Samsung-ը ռեկորդային շահույթ է արձանագրել

Հարավային Կորեայի Samsung Electronics ընկերությունը 2017 թվականի առաջին եռամսյակում մեկուկես անգամ ավելացրել է զուտ շահույթը, ցուցանիշը ռեկորդային է դարձել երեք տարվա ընթացքում։
Ինչպես նշվում է ընկերության մամուլի տեղեկագրում, վերջինիս շահույթը հունվար-մարտին կազմել է 7,68 տրիլիոն վոն (6,8 միլիարդ դոլար)՝ 2016 թվականի նույն ժամանահատվածի 5,25 տրիլիոն վոնի համեմատությամբ: Վերլուծաբանները, որոնց հարցում է արել FactSet-ը, այս ցուցանիշն սպասում էին 7,1 տրիլիոն վոնի նշագծին:
Հասույթն ավելացել է աննշան եւ կազմել 50,55 տրիլիոն վոն: Գործառական շահույթը կտրուկ բարձրացել է գրեթե 50 տոկոսով՝ մինչեւ 9,9 տրիլիոն վոն: Այս ուժեղ ցուցանիշները կարող են մասամբ փարատել ներդրողների մտահոգությունները, որոնք պայմանավորված են Galaxy S8 նոր առաջատար սմարթֆոնի հետ կապված խնդիրներով եւ Samsung-ի փաստացի ղեկավար Լի Ջեյոնին առաջադրված կոռուպցիայի մեղադրանքներով:
Նշվում է, որ Samsung-ի գործառական շահույթի գրեթե երկու երրորդը բաժին է ընկել միկրոչիպերի արտադրության ստորաբաժանմանը՝ 6,3 տրիլիոն վոն: Ապրիլի 27-ին Սեուլում կայացած սակարկություններում ընկերության բաժնետոմսերը թանկացել են 2,4 տոկոսով: Ընկերության կապիտալացումը կազմում է 331,3 տրիլիոն վոն (293 միլիարդ դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: