Չար մշակների առակը
Չար մշակների առակը
(Մատթ. 21: 33-41; Մարկ. 12: 1-9; Ղուկ. 20: 9-16)
«Մի տանուտեր կար, որ այգի տնկեց և այն ցանկապատեց, ու նրա մեջ հնձան փորեց և աշտարակ շինեց. ապա այն վարձու տվեց մշակներին և գնաց հեռու երկիր: Երբ պտղի ժամանակը մոտեցավ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մոտ, որպեսզի բերքից իր բաժինն առնեն: Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով` մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին քարկոծեցին: Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց` թվով ավելի, քան առաջինները: Եվ սրանց էլ նույնն արեցին: Հետո նրանց մեջ ուղարկեց իր որդուն ու ասաց` թերևս իմ այս որդուց ամաչեն: Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին` սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությունը մենք սեփականացնենք: Եվ նրան բռնեցին, հանեցին այգուց դուրս և սպանեցին: Արդ, երբ այգու տերը գա, այդ մշակներին ի՞նչ կանի: …Չարերին չարաչար կոչնչացնի և այգին կտա այլ մշակներին, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին»:
Մեկնություն
Այգին Իսրայելն է, որ երկրի վրա Աստծու եկեղեցու պատկերն էր: Մինչև Քրիստոս՝ այն հանձնված էր հինկտակարանյան մշակներին` հրեաների առաջնորդներին ու քահանաներին: Ցանկապատը՝ մովսիսական օրենքն է, աշտարակը` Երուսաղեմի տաճարը: Իսկ հնձանը, ուր հոսում էր խաղողի կարմիր հյութը, Հին Ուխտի զոհասեղանն էր, որի վրա թափվեց Անարատ Գառի արյունը: Այգին իր տիրոջն` Ամենակալ Աստծուն, պետք է պտուղներ տար, որոնք են` հավատ, առաքինի կյանք, բարի գործեր: Տիրոջ կողմից ուղարկված ծառաները հինկտակարանյան մարգարեներն ու իրենց գործը շարունակող առաքյալներն են, որոնց մեծամասնությունն, իրոք, նահատակվել է բռնի մահվամբ չար մշակների ձեռքերով: Իսկ իրենց Փրկչին նրանք մերժեցին և, քաղաքից դուրս հանելով, խաչեցին: Այդ պատճառով Աստծու եկեղեցին նրանցից վերցվեց և հանձնվեց այլ ժողովրդի, որը կազմվել է հեթանոսներից:
Առակի մարգարեական հատվածը (չար մշակների պատժվելու և այգին ուրիշներին փոխանցվելու մասին) կատարվեց Փրկչի Համբարձումից 35 տարի հետո: Տիտոս զորավարի օրոք ողջ Պաղեստինն ամայացավ, և հրեաները ցրվեցին աշխարհով մեկ, իսկ Աստծու Արքայությունը տրվեց այլ ազգերի:
Առակի իմաստն այս է` այսուհետ մենք ենք կազմում Աստծու այգին, մեզ համար է հոգ տանում Տերը, որպեսզի պտուղ տանք` Տիրոջ պատվիրանների համաձայն աստվածահաճո կյանքով ապրենք: Եվ Աստված է նշանակում մշակներին` մեր հոգևոր հովիվներին, որոնց առաջնորդությամբ պետք է ջանանք Նրա կամքը կատարել և խուսափել հատուցումից, որին արժանացան չար մշակները:
(Ըստ երանելի արքեպ. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» և «Ղուկասի Ավետարանի մեկնությունը» գրքերի):
qahana.am