Թուրքմենստանի նախագահը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմեն ձիարշավորդի օրվան նվիրված ձիարշավում` որպես մրցանակ շահելով Toyota Land Cruiser Prado ավտոմեքենա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1.2 կմ տարածությամբ ձիավազքը տեղի է ունեցել նախագահական ձիարշավարանում: Նախագահից բացի, մրցմանը մասնակցել է ևս վեց ձիարշավորդ:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հասել է եզրագծին 1 րոպե 25 վայրկյանում: Հաղթանակից հետո նախագահը մեքենան հանձնել է գյուղատնտեսության հարցերով փոխվարչապետ Էսենմիրադ Օրազգելդիևին` ասելով. «Օրազգելդիև, ես պաշտոնապես այս մրցանակը հանձնում եմ մեր ձիաբուծարանի կարիքներին»: Թուրքմեն ձիարշավորդի օրն ազգային տոն է, որն անց է կացվում ամեն տարի ապրիլի վերջին կիրակի օրը: