«Հարկերը թող լինեն, պատերազմական գոտում ենք, դա պարտադիր է, բայց լինի այնպես, որ բոլորս վճարենք». անհատ ձեռներեց
«Մենք մի նախագիծ ենք առաջարկում, որով աշխատատեղը լինի՝ ըստ քառակուսու. Եթե 20 քառակուսի մետրի վրա է անհատ ձեռներեցն աշխատում, ու դա ընթացքում կդառնա 30 քմ, անհատ ձեռներեցը պարտադիր գրանցի աշխատողին։ Այսինքն՝ աշխատատեղ ենք ապահովում, և ըստ քառակուսու՝ կբարձրացնենք աշխատողների քանակը։ Բացի դրանից՝ մենք համաձայն ենք հաստատագրված վճարին. ինչ-որ մի գումար, որը կորոշի կառավարությունը, կմուծենք հաստատագրված վճար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց անհատ ձեռներեց Կարինե Առաքելյանը՝ նշելով, որ նման ծրագրով բոլորը կգան հավասար դաշտ։
«Խոշոր ու մանր չի լինի, որովհետև խոշորը խոշոր հարկեր է մուծելու. սահմանին գանձվելու է եկամուտը։ Դրա համար մրցակցային դաշտ կստեղծվի, ու բոլորս էլ կկարողանանք աշխատել»,- ասաց նա։
Կ. Առաքելյանը նշում է, որ ներկայիս փաստաթղթերի պարագայում կոռուպցիոն վտանգ կա. «Օրինակ՝ 1000 հատ կոշիկ եմ ներմուծում, փաստաթղթերով տեղ եմ հասցրել, մաքսատուրքերը մուծել եմ։ Դրանից վաճառել եմ X քանակի կոշիկ, գալիս է հարկային տեսուչն ու ուզում է ինձ ստուգել, բայց ընթացքում, ենթադրենք, 5 զույգ կոշիկ գողացել են, որից ես տեղյակ չեմ, դրա համար կարող եմ մի խոշոր գումար տուգանվել»։
Նա նկատեց՝ իրենց միշտ ասում են, թե մանր բիզնես են, պետությանը եկամուտ չեն տալիս. «Բայց այդ 32% մաքսատուրքերը մենք ենք մուծում։ Մենք մանր չենք, մենք պահում ենք պետությունը, չենք էլ հրաժարվում մեր հարկերից։ Հարկերը թող լինեն, պատերազմական գոտում ենք, դա պարտադիր է, բայց լինի այնպես, որ բոլորս վճարենք՝ հավասար դաշտում։ Մեր ծրագրով՝ բոլորս գալիս ենք հավասար դաշտ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում