Բաժիններ՝

Հանրությանն են ներկայանում երիտասարդ նկարիչները

Հայ երիտասարդ նկարիչների մտքերին, որոնումներին որոշակի ընթացք հաղորդելու համար, «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը նախաձեռնեց «Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որում ներառված են թվով 17 երիտասարդ արվեստագետների ստեղծագործություններ: Այս ցուցահանդեսի համար հրատարակվել է նաև պատկերագիրք, որը ներկայացնում է ցուցահանդեսին մասնակից ստեղծագործողների ընտրանին: Ինչպես նշում է Սպարտակ Ղարաբաղցյանը՝ «Համազգային» հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահը, տվյալ պատկերագիրքը նաև այցեքարտ է նրանց համար, ովքեր գույների լեզվով ասելիք ունեն, ովքեր աշխարհը բարիացնելու գաղտնիքներ են փնտրում:

Ցուցահանդեսին մասնակիցներից է Նարեկ Բարսեղյանը, ում գործերի հիմնական մասն անվերնագիր են, անունուն, թե ինչո՞վ է դա պայմանավորված Նարեկը բացատրում է, որ սա հատուկ է արված, քանի որ վերնագիրը նաև ուղղորդում է նկարը հասկանալու գործում, իսկ անվերնագրի դեպքում այն, կարելի է ասել, թե ստիպում է մարդուն ավելի շատ երազել, նկարի մասին կազմել ավելի մեծ պատկերացում: Հարցին, թե ի՞նչն է նրան ոգեշնչում, նա պատասխանում է, որ ամեն ինչ կարող է նրան թևեր տալ, բայց, թերևս, այս դեպքում մենակությունն ավելի տրամադրող է, որը նա շատ է սիրում: Նշենք, որ երիտասարդ նկարիչն արդեն ունեցել է իր անհատական ցուցահանդեսը, նաև մասնակցություն է ունեցել մի շարք ցուցահանդեսների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկում:

«Ես եմ» խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում են և՛ Երևանի, և՛ Հայաստանի տարբեր անկյուններից ստեղծագործողներ, ինչպես, օրինակ, Էլմիրա Թումանյանն է, ով ներկայացնում է Շիրակի մարզը: Էլմիրան իր նկարներում պատկերում է տարբեր քաղաքներ՝ Ծաղկաձոր, Դիլիջան, փորձել է հնարավորինս ներկայացնել այն, ինչը նա զգում է, երբ բնության գրկում է: Նա առաջին անգամն է մասնակցում նման մասշտաբի մեծության ցուցահանդեսի՝ նման սահմանափակ թվով մասնակիցների հետ: Սակայն սա առաջին անգամը չէ, երբ նա հանրությանն է ներկայացնում իր գործերը, Էլմիրան մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:

Նշենք, որ երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միոթյան ցուցասրահում, որը բաց կլինի մինչև մայիսի 4-ը:

Արփինե Հախվերդյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս