Սոցապ նախարարը պատասխանում է՝ ինչպե՞ս է անում, որ միշտ «ջրից չոր է դուրս գալիս»
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոսյանի գործը դեռևս նախաքննության փուլում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողները Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այդ գործով նախարարությունից նոր մարդիկ կանչվե՞լ են հարցաքննության:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ միայն այն անձինք, ովքեր ի սկզբանե ներգրավված են եղել այդ գործում: Հիշեցնենք, որ Ա. Սողոյանը ձերբակալվել էր կաշառք վերցնելու կասկածանքով:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախարարությունում աշխատող տարբեր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարցվում, իսկ նախարարը կարողանում է «ջրից չոր դուրս գալ»՝ Ա. Ասատրյանն այսպես պատասխանեց. «Ձեր ձևակերպումը բացարձակապես անընդունելի է: Դուք էլ եք հասկանում, որ երբ մենք համակարգում ունենք 3000-ից ավել աշխատակիցներ, երբ մենք ունենք շատ մեծ համակարգ, որին առնչվում է 1 միլիոն 200 հազարից ավել քաղաքացի, բնականաբար, կան, եղել են և կլինեն խնդիրներ, թերացումներ:
Մենք անում ենք բոլոր ծրագրերը, որպեսզի բոլոր խնդիրներն ունենան համակարգային լուծումներ: Այն, որ յուրքանչյուր կոնկրետ անձի, մասնագետի կատարած աշխատանքի համար պատասխանատուն նախարարն է, իհարկե, այդպես է, բայց դուք շատ լավ պատկերացնում եք, որ նախարարը չի կարող ցանկացած պահի լինել, ասենք, որևէ տարածքում, որևէ տարածքային կենտրոնում և թույլ չտալ տվյալ թերությունը կամ խնդրահարույց քայլը, որ կատարվում է: Նախարարի գործառույթն է ձևավորել համակարգ, հարցերին տալ համակարգային լուծում, որպեսզի ուղղակի կանխարգելենք կամ բացառենք նմանատիպ երևույթները: Ցանկացած պարագայում էլ կարող են լինել թերություններ, դուք էլ ձեր աշխատանքում եք թերանում շատ դեպքերում, երբ դուք ձեր աշխատանքում թերանում եք, ձեր անմիջական ղեկավարը պատասխանատվություն ունի, բայց չի կարող պատասխան տալ, չէ՞, որ դուք, ենթադրենք, այսինչ էթիկան այդ պահին խախտեցիք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: