Հորդանանի Արքայադուստրն այցելեց Ծիծեռնակաբերդ
Հորդանանի Արքայադուստր Դինա Մայրեդը, ով այս օրերին Հայաստանում է Երեւանի պետական բժշկական համալսարանի հրավերով, բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ:
Այնուհետեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից գտնվող հիշատակի պուրակում ծառ տնկեց՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դինա Մայրեդը եղավ նաեւ թանգարան-ինստիտուտում, որտեղ նրան ներկայացվեցին պատմության այդ ողբերգական իրադարձությունների մանրամասները, որից հետո գրառում կատարեց թանգարան- ինստիտուտի հուշամատյանում:
«Որպես ոչ-քաղաքական գործիչ, այլ ընդհակառակը՝ որպես քաղցկեղի դեմ պայքարի ջատագով, որը ինձ դարձնում է դերակատար կյանքեր փրկելու գործում՝ այցելելով Ցեղասպանության թանգարան, հիշում եմ պատերազմական բոլոր վայրագությունները, որտեղ էլ դրանք տեղի ունեցած լինեն…»,- նշել է նա գրառման մեջ՝ նաև հիշատակելով աշխարհի տարբեր կողմերում ներկա բռնությունները քաղաքացիական բնակչության դեմ, որոնց հիմնական զոհերը կանայք են, երեխաները, մշակութային ժառանգությունը: Նա այդ ամե նի դեմ պայքարում ջանքերը մեկտեղելու անհրաժեշտություն է տեսնում: