
«Արցախպրես»-ի պատրաստած տեսանյութը մեծ ընդունելություն է գտել Ֆրանսիայում

Ֆրանսիայի Մարտիգի քաղաքում տեղի մշակույթի և երիտասարդության տան և Մարտիգիի ֆրանս-հայկական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 25-29-ը կազմակերպվել է «Հայաստանի և Արցախի շաբաթ Մարտիգում» միջոցառում:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում ֆրանսիացիներին ներկայացվել է հայկական սովորույթների, ավանդույթների մասին, Հայաստանի և Արցախի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն է տրամադրվել: Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել նաև «Արցախպրես» լրատվական գործակալության ֆրանսերենով հատուկ այդ միջոցառման համար պատրաստված Արցախի մասին տեսանյութի ցուցադրությունը, որը մեծ ընդունելություն է գտել ներկաների կողմից:
«Հայաստանի և Արցախի շաբաթ Մարտիգում» միջոցառմանը մասնակցում են նաև Ստեփանկերտում գործող «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի երիտասարդ ֆրանսախոսների խմբի երկու անդամ: Նրանք սլայդ-շոուի միջոցով ընդհանուր տեղեկություններ են ներկայացրել Արցախի երիտասարդության, մարդկանց զբաղմունքների, նախասիրությունների, ինչպես նաև տեսարժան վայրերի մասին: