Դավթաշենում ծառահատումների գործով մեղադրյալն ազատ է արձակվել
Դավթաշենում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, կատարված ծառահատումների գործով մեղադրյալ Ալեքսան Սամսոնյանը երեկ ազատ է արձակվել։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ միջնորդություն էր ներկայացվել դատախազին, դատավարական հսկողություն իրականացնող դատախազը խափանման միջոցը փոխելու մասին որոշում է կայացրել։ Ալեքսան Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ ծառահատումներն իրականացվել են 2017 թվականի ապրիլի 8-ին՝ բենզասղոցի միջոցով՝ ՍՊ ընկերության տնօրենի կողմից։ Վերջինս հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ հատումներն իրականացրել է մաքրման և մշակման նպատակով և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Փաստաբանի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել բենզասղոցը։
ՍՊԸ տնօրենին ապրիլի 14-ին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։ Նշանակվել է դատաբուսաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նշված տարածքում ապօրինի հատվել է թվով 29 «Բարդի» և «Թեղի» տեսակի ծառեր: Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ: