«ՍԴ որոշմամբ որևէ մեկն անակնկալի չի եկել». Տիգրան Մուկուչյան
«Յուրաքանչյուր անձ, ով այս օրերի ընթացքում հետևում էր այս գործի ընթացքին, կարծում եմ, այս որոշմամբ որևէ մեկն անակնկալի չի եկել, որովհետև գործի քննությունն արդեն լիարժեք կերպով ցույց տվեց դիմողի բերած դիմումի թե՛ իրավական հիմնավորվածության բացակայությունը, թե՛ փաստական հիմքի բացակայությունը։ ՀՀ պատմության մեջ սա երևի թե առաջին դեպքն էր, երբ Սահմանադրական դատարանում քննության առարկա էր դարձվել հայց, որը, իրավամբ, զուրկ էր և՛ իրավական հիմքից, և՛ ապացուցողական բազայից»,- այսօր ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը՝ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անփոփոխ թողնելու մասին։
Ըստ նրա՝ որոշման մեջ արտահայտված բոլոր իրավական դիրքորոշումները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելությունների զեկույցներում ներկայացվող առաջարկները, միանշանակ դառնում են ուսումնասիրության առարկա, որովհետև դրանք պարունակում են բավականին լուրջ առաջարկություններ, ինչը միանշանակ ենթադրում է օրենսդրական լուծումների փնտրտուք։
Տ.Մուկուչյանը տպավորություն է ստացել, որ հայտարարվել է գործի էջերի քանակ, ապա փորձել են ցանկացած միջոցով լցնել այդ էջերը։ Նրա խոսքով՝ ապացույցների ձեռքբերման հնարավորություն բոլորն ունեցել են, ոչ ոք չի խանգարել դիմում-բողոքներ ներկայացնել, և, եթե չի ներկայացվել որևէ դիմում, ուրեմն չի եղել որևէ խոչընդոտ։