«Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները». Վահե Գրիգորյան

«Սա վակուումում գտնվող տեխնիկական գործընթացի վերաբերյալ քննվող վեճ չէ։ Օրինականությունը, որը դրվում է այս գործի քննության ֆոկուսում, չի կարող որպես այդպիսին, միայն տեխնիկական նորմերի պահպանմամբ, լինել այս դատարանի համար հետաքրքրող միակ առարկան»,- այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննության ժամանակ հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն իր ելույթում։

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն վերահսկում է թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե՛ նախագահի լայն լիազորություններով օժտված ինստիտուտը, մնում է միայն դատական համակարգը, որտեղ նույնպես ավելի քան շոշափելի է ՀՀԿ-ի վերահսկողությունը, և բոլոր դատավորները նշանակվել են ՀՀ նախագահի կողմից. «Մենք գործ ունենք մի կուսակցության հետ, որը վերահսկում է իշխանության 3 ճյուղերը, որը, ավելորդ է ասել, որ ծայրահեղ հակասահմանադրական իրավիճակ է»։

Վ.Գրիգորյանը նշեց, որ, եթե Բարձր դատարանն անտեսելու է ընդհանուր կոնտեքստը, որտեղ քաղաքական մրցակիցը վերահսկում է բոլոր կողմերին, և ՀՀԿ-ն է տնօրինում բոլոր ապացույցները, շատ բարդ է.

«Սա ապացուցման չափազանց բարձր ստանդարտ է: Սա ապացուցման բեռի բաշխման չափազանց անարդար մոդել է: 20 տարի միայն այն փաստը, որ որևէ դիմող իր ջանքերի առավելագույն գործադրմամբ երբեք չի կարողացել ձեր պահանջած ստանդարտի նույնիսկ նվազագույնը բավարարել, դա առնվազն պիտի դատարանին հուշի, որ դա եղել է առնվազն չափազանց բարձր բեռ դիմողի նկատմամբ։

Իմ խորին համոզմամբ՝ այս ատյանը, ունենալով բոլոր սահմանադրական լիազորությունները, իհարկե, այն ատյանը չի, որտեղ պետք է քննարկվի քվեախցի կահավորման օրինականությանը համապատասխանության հարցը, բայց կողմերն օբյեկտիվորեն, ստիպված գալիս, իջնում են այդ մակարդակին, որովհետև խոսքը վերաբերում է օրինականության շրջանակում ընտրությունների արդյունքում կայացած վեճի քննությանը։

Շատ ասելիք ունեմ: Սահմանադրության 5-րդ հոդվածն այսօր փաստացի գետնին հավասարեցված է՝ օրենքի տառի խստիվ պահպանմամբ: Օրենքի ոչ մի տառ չի խախտվել 5-րդ հոդվածի ամբողջական տապալման համար, բայց այդ տապալումն անխուսափելիորեն հանգեցնելու է արդեն 6-րդ հոդվածի առաջ գալուն՝ արդեն ոչ ՀՀ-ի, մենք գիտենք, որ պետության: Անգիր գիտենք այդ հոդվածը:

Մենք բոլորս գիտենք՝ ինչի մասին է խոսքը: Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները։ Կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ դուք սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը»:

Ըստ Վ.Գրիգորյանի՝ այս հարցերի մասին գիտի երկրի յուրաքանչյուր տաքսու վարորդ, յուրաքանչյուր քաղաքացի, բայց Բարձր դատարանն իրեն պատնեշել է օրինականության ստուգման խնդրից։

«Բարձր դատարանը վերջին ատյանն է, որը կարող է փակել այդ դռները»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ կա՛մ այս ատյանը դառնալու է սկզբունքների, դոկտրինների գտնման հիմնական ասպարեզը, կա՛մ շարունակելու է մնալ քվեախցերի օրինականության վեճերի քննման դատարան։ Վ.Գրիգորյանի խոսքով՝ Բարձր դատարանը պետք է առնվազն արձանագրի Հայաստանում առկա սահմանադրական ճգնաժամը։

Տեսանյութեր

Լրահոս