Բաժիններ՝

Ջազի միջազգային օրվա առթիվ Հայաստան կժամանի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը

Ջազի միջազգային օրվա և Հայաստանում դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումներին վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ էին հանդիպել Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը:

Կամո Մովսիսյանը նշում է՝ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ արդեն 6-րդ տարին մեր քաղաքում նշելու ենք Ջազի միջազգային օրը.

«Ի ուրախություն բոլորիս՝ ասեմ, որ Երևանի քաղաքապետարանը հետևողական մոտեցում է ցուցաբերում այս մշակութային իրադարձության նկատմամբ: Ինչ վերաբերում է Ջազի միջազգային օրվան, այս տարի մասնակցություն են ունենալու բոլոր հայ ջազմենները, ինչպես նաև ունենալու ենք հյուր՝ Չիկագոյից՝ հայտնի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը: Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի Ջազի միջազգային օրվա առիթով մենք մեր երկիր ենք հրավիրում տարբեր հայտնի ջազմենների, ովքեր ներկա են լինում մեր կողմից կազմակերպված միջոցառումներին»:

Ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը մանրամասն տեղեկություններ փոխանցեց միջոցառմանը մասնակցող խմբերի մասին, ըստ որի՝ Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին մասնակցություն կունենան հայաստանյան հայտնի ջազմեններ «Լևոն Մալխասյան բենդը», «Չիկո Թութունջյան» տրիոն, Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ ջազ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը, ելույթով հանդես կգա նաև հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը՝ իր կազմով, մեծ ընդմիջումից հետո ելույթ կունենա «Time Report» խումբը, որի մասնակցն է նաև ինքը՝ Արմեն Հյուսնունցը, ինչպես նաև աշխարհահռչակ սաքսոֆոնահար, միջոցառման հատուկ հյուր Չիկո Ֆրիմանը:

Կարդացեք նաև

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը տեղի կունենա «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի բացօթյա սրահում:

Տեղեկացնենք, որ Ջազի միջազգային օրն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին։ Օրացույցում այն ընդգրկում է ապրիլի 30-ը և տոնվում է մեկ օր՝ ընդգրկելով ողջ աշխարհը: Այն տոնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն համաժողովը հայտարարել է դեռևս 2011 թվականի նոյեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս