Բաժիններ՝

««Պեգասուսը» կնպաստի Հայաստանի ներգնա տուրիզմի զարգացմանը». Սերգեյ Ավետիսյանը՝ թուրքական բյուջետային ավիաընկերության մասին

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, ՀՀ բանակցային խմբի ղեկավար Սերգեյ Ավետիսյանն անդրադարձ կատարեց Հայաստանի և Վրաստանի ավիատոմսերի գների տարբերության թեմային.

«Ներկայումս հայաստանյան և վրաստանյան գների տարբերությունը մեծ չէ, և որոշ ուղղություններով հայաստանյան շուկայում առաջարկվող գներն ավելի ցածր են, քան Վրաստանում»։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Հայաստանի ավիացիոն շուկայում գերիշխում են ռուսական ընկերությունները, որի հետևանքով մեծ մրցակցություն չկա, ինչն էլ իր հերթին բերում է գների բարձրացման, ապա, ըստ Ավետիսյանի՝ այս հարցի պատասխանը առաջարկի և պահանջարկի տրամաբանության մեջ է թաքնված.

«Հայաստանից շատ պահանջված են դեպի Ռուսաստան ուղղությունները և այդ իսկ պատճառով գալիս է իր տրամաբանական առաջարկը։ Մենք այսօր հավաքվել ենք այն նպատակով, որ ստեղծենք այնպիսի իրավական ֆունդամենտ, որ տնտեսվարողներն ու այս դեպքում՝ ավիաընկերություններն իրենց ավելի հարմար ու ապահով զգան Հայաստան մուտք գործելու ժամանակ։ Այս համաձայնագիրը նաև շատ կարևոր է ՀՀ ավիացիայի տեսանկյունից՝ մրցակցային դիրքը տարածաշրջանում պահելու համար»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունից, մասնավորապես՝ ո՞վ է ներկայացուցիչը Հայաստանում, և հնարավոր ի՞նչ ռիսկեր է դա պարունակում։

«Ավիաընկերությունը գործիք է, որպեսզի մարդկանց տեղափոխի А կետից B կետ։ Եթե խոսում ենք ՀՀ-ի ներգնա զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, ես կարծում եմ, որ «Պեգասուսի» մուտքը մեր շուկա ևս կպահի Հայաստանը տարածաշրջանում մրցակցային դիրքերում։ Այս հարցին նայում եմ միայն ներգնա զբոսաշրջային հոսքերի ավելացման տեսանկյունից, քանի որ «Պեգասուսը» եվրոպական ամենաակտիվ լոուքոսթերներից մեկն է, որի աշխարհագրական ծածկույթը բավականին լայն է։ Սա մեծ հնարավորություն կստեղծի օտարերկրացիների համար՝ ՀՀ այցելություններ կազմակերպելու տեսանկյունից»,- պարզաբանեց Սերգեյ Ավետիսյանը

Հիշեցնենք, որ «Պեգասուս» ավիաընկերությունը թուրքական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։ Հունիսի 1-ից Երևան-Ստամբուլ չվերթով թռիչքներ կիրականացնի վերոնշյալ ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն շաբաթը 3 անգամ Ստամբուլից՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս