«Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ նկատողություն անի». Լևոն Զուրաբյանն ու Տիգրան Մուկուչյանը վիճեցին ՍԴ-ում

Այսօր Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումների ժամանակ հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ավարտեց փաստարկների մանրամասն ներկայացումը, ապա դատարանում սկսվեց հարց ու պատասխանի փուլը։

Ի պատասխան Լևոն Զուրաբյանի դիտարկման, որ տեսախցիկներն անջատվել են ժամը 7-ից մինչև 1-ը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրության մասնակից ուժերի գրասենյակներն ունեցել են մուտք տեսաձայնագրություններին։

Զուրաբյանը բարձրացրեց մատն ու հորդորեց չմիջամտել։

«Առանց մատի, առանց մատի»,- դժգոհեց Մուկուչյանը։

Կարդացեք նաև

«Խնդրում եմ ինձ նկատողություններ չանել, թե ես ինչպես պետք է խոսեմ և ներկայացնեմ»,- վրդովվեց Զուրաբյանը։

Միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու կողմերին կոչ արեց ընդհատել և չպիտակավորել միմյանց։

«Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարն ինձ նկատողություն անի»,- շարունակեց Զուրաբյանը։

Գ.Հարությունյանը դիտողություն արեց, որ այդպես շարունակվելու դեպքում ստիպված կլինի Զուրաբյանին զրկել ձայնից։

Լ.Զուրաբյանը շարունակեց պատասխանել հարցերին և ներկայացնել իրենց դիրքորոշումը։

Տ.Մուկուչյանը վաղն իր ելույթում կներկայցնի ԿԸՀ դիրքորոշումը։

Տեսանյութեր

Լրահոս