Զոհված զինծառայողը Նարեկ Հարությունյանի դին տեղափոխվել է հարազատ գյուղ. նա Շիրակի մարզից է
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: Զինծառայողը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից է:
Գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանն «Այսօր» լրատվականին փոխանցել է, որ տղային 2 ամիս էր մնացել զորացրվելու: Ընտանիքի միակ արու զավակն էր, իրենից փոքր երկու քույր ուներ: Նարեկ Հարությունյանի դին արդեն տեղափոխվել է հարազատ գյուղ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: