Հունաստանի դատարանը մերժել է թուրք զինվորներին վերադարձնել Թուրքիային
Հունաստանի դատարանն արդեն երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներից երեքին: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:
Եվս հինգ զինվորի դատական գործերը կքննվեն առաջիկա օրերի ընթացքում: Հունաստանի Գերագույն դատարանը 2017 թվականի հունվարի 26-ին որոշում էր կայացրել մերժել զինվորներին վերադարձնելու թուրքական կողմի պահանջը: Որոշման մեջ նշվել էր, որ իրենք չունեն երաշխիքներ, որ Թուրքիայում զինվորներին արդար կդատեն:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը: