
Իսպանիայում ինը մարդ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Բարսելոնի նահանգի մի քանի բնակավայրերում, ձերբակալվել է ինը մարդ: Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինները:
Նախնական տվյալներով՝ խոսքը վերաբերվում է Կատալոնիայում բնակվող Մարոկկոյի ութ հպատակների եւ մեկ իսպանացու: Նրանք բոլորը 30-40 տարեկան տղամարդիկ են:
Ձերբակալվածներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու եւ կազմակերպված հանցավորության մեջ:
Գործողությունը, որը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 04:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:30-ին), անցկացվել է Իսպանիայի ազգային ոստիկանության եւ Բելգիայի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ: Նաեւ նշվում է, որ կատարվել է 12 խուզարկություն: Ենթադրվում է, որ կալանավորվածներից մի քանիսը կապված են 2016 թվականին Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գործողություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվածների հետ:
Իսպանիայում ներկայում սահմանված է ահաբեկչական սպառնալիքի չորրորդ մակարդակ՝ հինգ հնարավորից: Երկրում կանոնավոր կերպով անցկացվում են ենթադրյալ ծայրահեղականների ձերբակալման գործողություններ:
ՆԳ նախարարության տվյալների համաձայն, 2015 թվականից ի վեր ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: