
Յոհաննես Հանը ցանկանում է վերանայել Թուրքիա-ԵՄ համագործակցության ձևաչափը

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո քաղաքական համակարգում նախատեսվող փոփոխությունների ֆոնին նոր չափանիշներով ԹուրքիաԵՄ համագործակցությունը զարգացնելու մասին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Հանն ընդգծել է, որ հարաբերությունների նման վիճակը չի կարող երկար շարունակվել: Նա նշել է, որ եթե Թուրքիան կատարի բոլոր առաջադրված նախապայմանները, ապա անդամակցության շուրջ բանակցությունները կլինեն օրակարգում:
Հանը ևս սահմանադրական փոփոխությունները Թուրքիայի ժողովրդավարության տեսանկյունից վտանգավոր հետքայլ է անվանել: Իսկ մահապատժի վերականգնման դեպքում ԵՄ հանձնակատարը հայտարարել է ԵՄ և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության առաջացման հնարավորության մասին։