«Թող Տ. Մարգարյանը, Ն. Փաշինյանը, Զ. Փոստանջյանը՝ որպես բազմազավակ ծնողներ, մեր հասարակությանը պատմեն, թե ոնց են այդքան երեխաների հետ գլուխ հանում»
«Ես չափից դուրս շատ եմ ուզում շարունակել իմ գործունեությունն ավագանու կազմում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքով ավագանու անդամի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը:
Նրա համոզմամբ՝ Երևանում շատ փող կա, բայց այդ փողը մի տեսակ չի երևում: Նա ասաց, որ իրենց առաջին ու կարևորագույն քայլը կլինի բյուջեի նպատակային նախատեսումը. «Բյուջեն կլինի թափանցիկ, յուրաքանչյուր տող կլինի հիմնավորված: Երևանում շատ փող կա, բայց այդ փողը մի տեսակ չի երևում»:
Ա. Բախշյանը կարևորեց բանավեճերի մշակույթը, որը մեզ մոտ չկա: Ըստ նրա՝ դրանից ավելի քաղաքակիրթ ձև՝ ընտրությունների ժամանակ մարդկանց կողմնորոշելու, չկա.
«Բանավեճերը շատ դիպուկ բացահայտում են՝ ով ինչ է արել, ինչ ծրագրեր ունի, ինչպես է խոսում: Ես մի լավ բան ասեմ, կարող է՝ հրապուրվեն, ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանին, Նիկոլ Փաշինյանին, Զարուհի Փոստանջյանին՝ երեքով նստեն ու որպես բազմազավակ ծնողներ՝ մեր հասարակությանը պատմեն, թե ոնց են այդքան երեխաների հետ գլուխ հանում, ոնց են պահում, ինչ են խորհուրդ տալիս մեր ժողովրդին, որպեսզի իրենց օրինակը վարակիչ լինի»: