«Հսկայական նշանակություն ունի Պարսից ծոցի ու Սև ծովի միջև Իրան-Հայաստան­-Վրաստան կամ Իրան-Ադրբեջան­-Վրաստան ուղեգծով կապի հաստատումը». Ջահանգիրի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-­23-­ին երկօրյա պաշտոնական այցով եղել է Իրանում, որտեղ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի եւ Մեջլիսի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: Հանդիպմանը Ռոուհանին եւ Կվիրիկաշվիլին հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտին եւ Պարսից ծոց-Սեւ ծով փոխադրամիջանցքին:

«Այդ ոլորտում Թեհրանի եւ Թբիլիսիի հարաբերությունների խորացումը կարող է օժանդակել տարածաշրջանի էական զարգացմանը»,­-ասել է Ռոուհանին: Պարսից ծոց­-Սեւ ծով փոխադրամիջանցքի հարցը քննարկվել է նաեւ Կվիրիկաշվիլիի եւ Էսհակ Ջահանգիրիի հանդիպմանը:

«Հսկայական նշանակություն ունի Հյուսիս-­Հարավ փոխադրամիջանցքի հարցը եւ Պարսից ծոցի ու Սեւ ծովի միջև Իրան­-Հայաստան­-Վրաստան կամ Իրան-­Ադրբեջան­-Վրաստան ուղեգծով կապի հաստատումը»,­-  Tehran Times-ի փոխանցմամբ՝ ասել է Ջահանգիրին:

Իրանի փոխնախագահի խոսքով՝ Թեհրանն արդեն այն բանի պատրաստակամություն է հայտնել, որ Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապվի Հյուսիս-­Հարավ փոխադրամիջանցքով, որն այդ ուղեգծերով միմյանց հետ կկապի Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Իրանը:

Կվիրիկաշվիլիի վարչակազմի մամուլի տեղեկագրի համաձայն, իրանական կողմը Վրաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ էլեկտրականության փոխանակման եւ Վրաստանին իրանական գազի մատակարարման հարցերում:

Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաեւ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, էկոնոմիկայի նախարար Գեորգի Գախարիան եւ այլ պաշտոնատարներ:­

Տեսանյութեր

Լրահոս