«Մենք այն ուժն ենք, որ միշտ դեմ ենք եղել զինված հեղափոխությանը, տեռորիզմին, բայց…». Լևոն Զուրաբյանը նախազգուշացրեց ՍԴ-ին

«Դուք պատկերացնում եք ժողովրդավարություն, որտեղ ռեկորդ են խփում այն պատգամավորները, որոնք ոչ մի բառ չեն ասում»,- այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` ներկայացնելով «ՍԱՍ» գրուպում հավաքի ձայնագրության փաստը:

Ըստ նրա` Արտակ Սարգսյանն ԱԺ-ում 5 տարի լռության ուխտ էր պահպանել, իսկ նման մարդը չի կարող հաղթել ընտրություններում օրինական ճանապարհով:

Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումներ են եղել և ինչքան նայում ես տեսանյութերը, այնքան գաղտնիության խախտումներ ես հայտնաբերում: Լ.Զուրաբյանը միջնորդեց հանձնաժողով ստեղծել, որը 3 օրում կուսումնասիրի բոլոր տեղամասերի տեսագրությունները և կարձանագրի խախտումները:

«Դրանից ավելի լավ ապացույցներ չեք գտնի և այդ ամենը կատարվել է բոլորիս աչքի առաջ»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Կարդացեք նաև

Նա ներկայացրեց նաև ժողովրդագրական խնդիրը՝ ասելով, որ տարեցտարի ՀՀ բնակչության թիվը նվազում է արտագաղթի պատճառով, իսկ ընտրողների թիվն աճել է, ավելին` ավելացել է ընտրություններին մասնակցության պաշտոնական թիվը: Լ.Զուրաբյանը նշեց, որ ընտրողների մասնակցության թիվը բնորոշ է բռնապետական պետություններին, և ստացվում է, որ երկրում եղած բոլոր ընտրողներին «քերել-բերել» են ընտրության, անգամ շարժողական խնդիրներ ունեցող մարկանց գրկած են բերել ընտրատեղամաս:

Լ.Զուրաբյանը հայտարարեց նաև, որ ՀՀ-ում ամեն ինչ կարող է փոխվել, բայց ընտրություններում ընտրակեղծարար գործունեությունն անփոփոխ է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտել է օրենքները, աչք փակել ակնհայտ ապացույցների վրա, բայց տարիներ շարունակ ԿԸՀ կազմը չի փոխվում, շարունակաբար վերընտրվում են: Լ.Զուրաբյանը ԿԸՀ անդամներին հանցագործ անվանեց:

«Չի կարելի այստեղ մարդկանց հանցագործներ անվանել»,- միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ես ասում եմ ճշմարտությունը»,- հակադարձեց Զուրաբյանը:

«Դա Ձեր ճշմարտությունն է»,- իր հերթին հակադարձեց Հարությունյանը:

Լ.Զուրաբյանն իր ելույթն ավարտեց նախազգուշացումով: Նա նշեց, որ իրենք այն ուժն են, որ միշտ դեմ է եղել զինված հեղափոխությանը, տեռորիզմին, բայց եթե այս «աղճատված» ընտրակարգը շարունակի իր կյանքը Հայաստանում, վստահաբար, ոչ մեկի հորդորները չեն կարողանա կանգնեցնել ժողովրդին նման տիպի քայլերից, եթե նրանք չեն տեսնում Հայաստանում իշխանությունը փոխելու որևէ տարբերակ:

Տեսանյութեր

Լրահոս