«Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել». Գլեյդիս Բերեջիկլյան
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողության ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեյդիս Բերեջիկլյանն ընդգծել է ցեղասպանության զոհերի մասին հիշողության պահպանման կարևորությունը:
«Եկել ենք հիշատակելու 1.5 միլիոն զոհերին, զոհեր, ովքեր անպատկերացնելի տառապանքներ են կրել ուղղակի հայ լինելու համար: 2015թ-ին սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը զոհերին սրբադասեցին: Էջմիածնից ուղերձը տարածվեց ողջ աշխարհով մեկ, այդ թվում հասնելով Սիդնեյ` խորհրդանշելով, որ ցեղասպանության զոհերը երբեք չեն մոռացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Բերեջիկլյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ավստրալացի խորհրդարանական գործընկերներին, ում աջակցություն ը հայ համայնքը շատ բարձր է գնահատում:
«Մենք պետք է հպարտ լինենք մեր արմատներով: Մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր կարողացել են նոր կյանք կառուցել նման տառապանքներից: Նրանք ի վիճակի եղան վերակառուցել հայ ժողովրդի կյանքը երկրագնդի բոլոր կողմերում»,- ընդգծել է Գլեյդիս Բերեջիկլյանը:
Նրա խոսքով` բոլոր հայ ընտանիքները խիզախություն ու դիմադրողականություն են ցուցաբերել այս ողջ ընթացքում: «Մենք նրանց պարտական ենք, ինչպես նաև պարտական ենք ողջ մարդկությանը, որպեսզի կարողանանք կանխարգելել ու նոր 1915 թվականներ տեղի չունենան: Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման արշավը չի հաղթանակել: Մենք այսօր այստեղ կանգնած ենք որպես այդ ցեղասպանության արդյունք, սակայն որպես ուժի օրինակ»,- ամփոփել է Բերեջիկլյանը: