Պիկե VS Ռամոս. Լա լիգայի ամենակռվարար զույգը
Կատալոնական ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեն և իսպանացի Սերխիո Ռամոսը համարվում են ամենակռվարար զույգն Իսպանիայում, ովքեր, սակայն, կարողանում են հաշտության եզրեր գտնել Իսպանիայի ազգային հավաքականի խաղերի ընթացքում:
Հերթական Էլ Կլասիկոն և, իհարկե, այս զույգի հերթական վիճաբանությունը:
Ռամոսը, ով կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից, նշել է, որ այդ դրվագում կարմիր քարտ չկար, սակայն իրենք կատալոնական ակումբի նման չեն և ամեն անգամ չեն մեղադրում մրցավարներին իրենց սխալների համար:
Սակայն, ըստ Պիկեի՝ այդ մադրիդցիներն են, որ ամեն անգամ առաջ են քաշում մրցավարների գործոնը: Պիկեն նշել է, որ Բեռնաբեոյում արդեն բոլորը սովորել են նրան, որ մրցավարները իրենց կողմից են, սակայն, երբ մրցավարներն օբյեկտիվ են, դառնում են վատը:
Ռամոսի կարմիր քարտից հետո այս ֆուտբոլիստները մենամարտում էին հայացքներով: Խաղադաշտից դուրս գալիս վրդովված Ռամոսը նայեց Պիկեին և ձեռքի շարժումով ցույց տվեց, որ նա պետք է քիչ խոսքի՝ նկատի ունենալով բոլոր այն սուր արտահայտությունները, որ անում է Պիկեն մադրիդցիների հասցեին: Այնուհետև՝ Պիկեի խոսքերից հետո, Ռամոսը պտտվեց և սկսեց ծափահարել ֆուտբոլիստին, ինչը, սակայն, սխալ հասկացվեց, և բոլորը մտածեցին, թե Ռամոսը ծափահարում էր մրցավարներին:
Մրցավարը, սակայն, այս դրվագը չի ներառել արձանագրության մեջ: Կատալոնական ակումբն արդեն ներկայացրել է բողոք այս դրվագի վերաբերյալ:
Մրցավարներին ծափահարելու դեպքում Ռամոսը կորակազրկվեր մի քանի խաղով, ինչպես Նեյմարը, ով հենց հեգնական ծափահարությունների պատճառով բաց թողեց Էլ Կլասիկոն:
Սիրարփի Աղաբաբյան