ԵԽԽՎ-ի խոսնակը սխալմունք է համարել իր ուղևորությունը Սիրիա
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը սխալ է համարել իր ուղեւորությունը Սիրիա: Համապատասխան հայտարարությունն արվել է ԵԽԽՎ-ի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում:
«Պետք է ասեմ հետեւյալը. այդ ուղեւորությունը սխալմունք էր, ես դա ընդունում եմ՝ հաշվի առնելով դրա հետեւանքները: Ներողություն եմ խնդրում այդ սխալի համար»,-ասել է քաղաքական գործիչը: «Այդ սխալն այն էր, որ ես թերագնահատեցի այդ այցելության արձագանքը Վեհաժողովի շարքերում: Իմ մանդատի սկզբից ես 50 ուղեւորություն եմ կատարել եւ դրանցից ոչ մեկի հետ կապված խնդիրներ չեն եղել»,-ասել է Ագրամունտը:
Նա ընդգծել է, որ «հիմնավոր է համարում այդ քննադատական ելույթները», քանի որ, իր խոսքով, «այդ այցը, դրա իրականացման եղանակը, այն, թե ինչպես այդ այցը ներկայացրեցին ԶԼՄ-ները, այդ ամենը բարդ հարցեր դրեց ԵԽԽՎ-ի առջեւ»: Նա նաեւ հայտնել է, որ ԵԽԽՎ-ի բյուրոյի խորհրդակցությունում արդեն ներկայացրել է «այդ այցի հետ կապված բոլոր պարզաբանումները»:
Պետդումայի պատգամավորները, ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների եւ նրա նախագահ Պեդրո Ագրամունտի հետ միասին, մարտի 2021-ին Սիրիա են այցելել այդ երկրի խորհրդարանի խոսնակ Հադիա Խալաֆ Աբասի հրավերով: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպում են անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Նաեւ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի եւ Սիրիայի խորհրդարանների
միջազգային կոմիտեների համատեղ նիստի շրջանակներում: Բացի այդ, պատվիրակությունն այցելել է Հմեյմիմում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խմբավորման բազա, որտեղ ծանոթացել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի գործունեությանը:
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ավելի վաղ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արյեւը հայտարարել է, որ մյուս պատվիրակությունները ցնցված են Սիրիա Ագրամունտի այցից: Պետդումայում ԵԽԽՎ-ի խոսնակի Սիրիա ուղեւորությանը Ուկրաինայի արձագանքը որակել են հիստերիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: