Առաջիկայում ո՞ր երկրները կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Աշխարհը պետք է ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հետագայում նման հանցագործությունները չկրկնվեն: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը հստակ չի ճանաչվել եւ դատապարտվել, մեծ է վտանգը, որ նման ոճրագործությունները ցանկացած պահի կարող են կրկնվել: Դրա համար էլ մենք պետք է կարողանանք այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը վերջնականապես ճանաչվի եւ դատապարտվի»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, թե առաջիկայում որ երկրները կարող են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Քոչարյանը պատասխանեց. «Գիտեք իրականում կարեւոր է, որ բոլորն էլ ճանաչեն: Կարեւոր է, որ ԱՄՆ-ը ոչ միայն նահանգների, այլեւ պետական բարձր մակարդակով խոսի Հայոց ցեղասպանության մասին, բայց մեր վերջնական նպատակն այն է, որպեսզի Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին ճանաչի Թուրքիան»:
Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում են՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: