Բաժիններ՝

Մարին Լե Պենը վստահ է իր հաղթանակին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունների՝ մայիսի 7­-ին կայանալիք երկրորդ փուլում իրենց կհաջողվի հաղթանակ տանել «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ­-ը, համապատասխան հայտարարությունը նա արել է Պա դե Կալե դեպարտամենտի Ռուվրուա քաղաքում ապրիլի 23­-ի ընտրություններից հետո երկրում կատարած իր առաջին ուղեւորության ընթացքում:

«Մենք բնավ էլ հիասթափված չենք արդյունքներից, մենք մնում ենք մրցակցի ուժեղ դիրքերում, մենք ունենք ձայների մեծ պոտենցիալ ռեզերվ: Մենք հաջողությամբ հանդես կգանք երկրորդ փուլում»,­-ասել է լե Պենը:

Ըստ ՌԻԱ նովոստիի հաղորդման՝ նա իր մրցակցին՝ Էմանուել Մակրոնին, որակել է «թույլ» գործիչ, որը, չգիտի՝ ինչպես լուծել ահաբեկչության խնդիրը:

«Ես եկել եմ, որպեսզի երկրորդ փուլի արշավ սկսեմ նույն այն միակ գործելաձեւով, որը ես գիտեմ. տեղում, ֆրանսիացի ժողովրդի հետ, որպեսզի նրա ուշադրությունը հրավիրեմ շատ կարեւոր թեմաների վրա: Այսօր դա ահաբեկչությունն է: Եվ ամենամեղմ բանը, որը մենք կարող ենք այդ հարցի շուրջ ասել, ապա դա այն է, որ Մակրոնը թույլ մարդ է»,­-Reuters գործակալությունը մեջբերում է լե Պենի խոսքը:

Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցնում «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը, որը հավաքել է ձայների 23,75 տոկոսը, եւ ձայների 21,53 տոկոսը հավաքած «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս