Ադրբեջանում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը հասել է մոտ 30 հազար
Ադրբեջանի առողջապահության նախարարության նարկոլոգիական հանրապետական կենտրոնը հայտարարել է, որ ներկայումս այդ երկրում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը հասել է 29 448-ի:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ադրբեջանի թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի փոխանցմամբ` պաշտոնապես գրանցված թմրամոլներից 5ը անչափահասներ են, 612ը` կանայք: 2017թ-ի առաջին երեք ամիսներին Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել 833 մարդ, որոնցից 308-ը բուժում է ստացել ալկոհոլային կախվածությունից, 519-ը` թմրանյութերից կախվածությունից:
Ադրբեջանում աճում է նաև երիտասարդական թմրամոլության մակարդակը` 2016թ-ի դրությամբ գրանցված 29 հազար 448 թմրամոլների 60-70 տոկոսը կազմում են երիտասարդները:
Ադրբեջանի «Թմրանյութերի դեմ պրոպագանդայի ազգային գրասենյակի» ղեկավարի տեղակալ Լեյլա Յոլչիեւան fakxeber.com լրատվական կայքին հայտնել էր, որ Ադրբեջանում թմրամոլությունը շարունակում է «երիտասարդանալ». բարձր դասարանների աշակերտներին զուգահեռ գրանցվել են կախվածության դեպքեր 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտների շրջանում եւս: ԱՄՆ պետքարտուղարությունը 2015-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում թմրանյութեր օգտագործող աշակերտների թիվն անցնում է ընդհանուրի 30 տոկոսը:
Ադրբեջանում դա զրպարտանք համարեցին: Սակայն, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան սոցցանցերում գրել էր, որ. «մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա իրականությունն արտահայտող տեղեկատվություն էր»:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ’ «Հին Բալկանյան ուղին»։ Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է:
Այստեղ թմրանյութերիմաքսանենգությամբ զբաղվող անձինք հիմնականում օգտվում են Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունից: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:
2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում
արտադրված թմրանյութերի 35 տոկոսը: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից: