«Ինձ համար մրցակցությունն այստեղ բացառվում է». Լևոն Իգիթյան
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Երևան քաղաքի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանն առաջիկա ընտրություններում մրցակցություն չի տեսնում: Այս մասին նա ասաց Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
«Գիտեք, ես սիրում եմ մարդկանց, ովքեր աշխատանքից չեն փախչում, ղեկավարում են հիմնարկ, որտեղ աշխատակիցներից ավելի շատ են աշխատում, քանի որ այս օրը պետք է գան, հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ են արել: Այսօր ուզում եմ հասկանալ՝ ով ում հետ է մրցակցում: Ինձ համար մրցակցությունն այստեղ բացառվում է, քանի որ տարիներ շարունակ տեսականորեն քննադատող խոսողները եկել մրցում են մեկի հետ, ով անընդմեջ աշխատում է. աշխատողը սխալներ ունենում է, իսկ քննադատողները, որ ոչնչի առաջ պատասխանատու չեն, ոչինչ չեն անում, իրավունք չունեն ցուցո ւմներ տալու: Դրա համար ես այս թիմում եմ եւ մինչեւ վերջ այս թիմում եմ մնալու: Ի վերջո սիրում եմ այս քաղաքը՝ աշխարհի ամենալավ քաղաքը: Ես ձեզ կոչ չեմ անում կողմնակից լինել, ընդամենը ասում եմ՝ մտածեք: Խոսող շատ կա, գործ անողներն են քիչ»,- ասաց նա:
ՀՀԿ-ի կողմից առաջադրված Երեւանի ավագանու մեկ այլ թեկնածու Երվանդ Երզնկյանը հորդորեց բնակիչներին մայիսի 14-ին կատարել ճիշտ ընտրություն:
«Երեւի առաջին անգամն եմ բեմում ոչ համերգով եւ հասկանում եմ՝ ինչքան կարեւոր է իմ ամեն մի խոսքը ձեզ համար: Ես հավատում եմ Տարոն Մարգարյանին ոչ թե նրա համար, որ ճանաչել եմ նրա հորը, կամ որ նա բարեկարգել է բոլոր երաժշտական դպրոցները, ջեռուցել է, մանկապարտեզները հիմա անվճար են, այլ նրա համար, որ Տարոն Մարգարյանի հետ խոսելիս նա ոչ թե հրճվում է իր արած լավ գործերով, այլ միանգամից վերհանում է այն խնդիրները, որոնք հարկավոր է լուծել: Կարծում եմ՝ այժմ փորձարկումների ժամանակը չէ, մենք պետք է գնանք առաջ, ունենք չլուծված խնդիրներ»,- ասաց Երզնկյանը: