Քեմալականները Թուրքիայի հանրաքվեի արդյունքները բողոքարկելու են բարձրագույն վարչական դատարանում
Թուրքիայի քեմալական Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը (CHP) ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների բողոքարկման դիմում է ներկայացնելու «Դանըշթայ»` Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարան:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: «Չկնքված քվեաթերթիկները բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից վավեր ճանաչելու հետ կապված դիմելու ենք «Դանըշթայ»` պահանջելով, որ դրանք անվավեր համարվեն»,-ասել է
Ժողովրդական հանրապետական կուսակցության նախագահի օգնական Բյուլենթ Թեզջանը: Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև չկնքված
քվեները:
Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:
Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի: