Լևոն Մկրտչյանն ընդունել է միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահության անդամներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի նախագահ Յուրի Շամիլովին և ասոցիացիայի նախագահության անդամներ Նատալյա Բաբինովային և Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական համակարգի զարգացումը մեր պետության գերակայություններից է և այս իմաստով հատկապես ավագ դպրոցների կայացմանն աջակցելու առումով միջազգային բակալավրիատի ծրագիրը կարող է օգտակար լինել: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փորձում է զարկ տալ գերազանցության կենտրոնների զարգացմանը, ինչպես նաև կրթական համակարգ ներմուծել բացառիկ ծրագրեր, ինչպիսին օրինակ իր տեսակի մեջ եզակի արտադպրոցական կրթություն իրականացնող Թումո կենտրոնի ստեղծումն է: Նախարարն անդրադրձել է նաև ՀՀ-ում գործող միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատող դպրոցների գործունեությանը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության տեսանկյունից նպատակային է դիտվում, որպեսզի այդ կարգի գերազանցության կենտրոնները նպաստեն ընդհանուր հանրակրթության որակի  բարձրացմանը:

Հյուրերը շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման համար՝  ընդգծել են, որ միջազգային բակալավրիատի ներդրման հայկական փորձն արդյունավետ և ուսանելի է: Նրանք նաև ներկայացրել են ԱՊՀ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության փորձն այս ասպարեզում:

Հանդիպման  ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ընդլայնման և զարգացման համաշխարհային միտումներին:

Հավելենք, որ Երևանում ընթանում է ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 11-րդ ամենամյա համաժողովը, որին մասնակցում են  շուրջ 250 պատվիրակներ՝ մի շարք երկրներ:

Տեսանյութեր

Լրահոս