Բաժիններ՝

Թուրքիայում սպանված հայ զինվորի ընտանիքը բողոքարկում է իրենց տրամադրվող փոհատուցման չափը

Թուրքիայի բանակում ծառայող հայ զինվոր Սևակ Բալըքչըի սպանության գործով թուրքական դատարանը որոշում է կայացրել փոխհատուցման մասին:

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հայտնում է, որ դատարանը վճռել է Բալըքչը ընտանիքին վճարել 40 հազար թուրքական լիրա (շուրջ 11 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում:

Բալըքչը ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտնել է, որ դատարանի վճռով սահմանված փոխհատուցման գումարը նմանօրինակ դատական գործերում վճարվող գումարից չափազանց ցածր է: Նա հայտնել է, որ դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարանում:

Սևակ Բալըքչըի սպանության քրեական գործի դատավարությունը դեռ շարունակվում է: Սևակ Շահին Բալըքչըն թուրքական բանակում սպանվել է 2011 թ. ապրիլի 24-­ին, երբ նրա զորացրմանը մնացել էր ընդամենը 23 օր: Զորամասի հրամանատարությունը սպանությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն տեղի է ունեցել «ծառայակից ընկերոջ հետ կատակելու ժամանակ` պատահաբար արձակված գնդակից»:

Սևակի ծնողները, սակայն, պնդում են, որ նրան սպանել են հայ լինելու համար:
Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանը 2013 թվականի մարտի 26-­ին որոշում էր կայացրել, համաձայն որի Սևակի վրա կրակած Քըվանչ Աղաօղլուն «մտադրված մարդ սպանելու» մեղադրանքով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման, իսկ ենթասպա Սեդրեթթին Էրսյոզը «պաշտոնը չարաշահելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 5 ամիս ազատազրկման: Որոշման հրապարակումից հետո պատասխանող կողմի իրավաբանները դիմել էին վերաքննիչ դատարան` վիճարկելով կայացրած որոշումը:

Ռազմական գլխավոր դատախազությունը 2014 թվականին վճիռ էր արձակել այն մասին, որ սպանության կատարման մեջ դիտավորություն չի արձանագրվել, անբավարար են փաստերը, որոնք ապացուցում են սպանության դիտավորությունը: Ուստի դատախազությունը չեղյալ էր համարել Դիարբեքիրի դատարանի որոշումը:

Դատարան վերադարձած դատական գործը սկսել էր վերանայվել սկզբից: 2016 թվականի հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունվել էր նոր հրամանագիր ռազմական դատարանների վերացման մասին, ուստի 2017 թվականի փետրվարի 2­-ին Սևակ Բալըքչըի դատական գործը փոխանցվել է Քոզլուքի քրեական դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս