Թուրքիայում հանրաքվեի արդյունքների հետ կապված բողոքի ցույցերը շարունակվում են
Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber-ը հայտնում է, որ նոր ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, Ադանայում, Մերսինում:
Ցուցարարները պահանջել են չեղյալ համարել հանրահավաքի արդյունքները: Նրանք հանդես են եկել «Ոչ, մենք ենք հաղթել», «Չենք ճանաչում այս անօրինական ընտրության արդյունքները», «Ամենուր ոչ, ամենուր դիմադրություն» կոչերով:
Մերսինում ցուցարարները դժգոհություն են հայտնել sendika.org-ի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանի ձերբակալման առնչությամբ` նշելով, որ այդ կերպ չեն կարող լռեցնել իրենց:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:
Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իր մտադրության մասին: