Բաժիններ՝

Փարիզի միջադեպը չի խանգարի նախագահական ընտրությունների անցկացմանը

Փարիզի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20­-ին ոստիկանների վրա կատարված հաարձակումը չի խանգարի Ֆրանսիայի նախագահի ընտրությունների անցկացմանը, որի առաջին փուլը կկայանա ապրիլի 23­-ին: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է հանրապետության վարչապետ Բեռնար Կազնյովը։

«Ներկայում Ֆրանսիայում ահաբեկչական վտանգի մակարդակը չափազանց բարձր է: Պաշտպանության խորհրդի այսօրվա նիստում, որն անցկացվել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախագահությամբ, վերլուծվել է այն միջոցների համալիրը, որոնք ձեռնարկվում են նախագահական ընտրությունների նախաշեմին:

Հատկացվում են 50 հազարից ավելի ոստիկաններ ու ժանդարմներ, ինչպես նաեւ 7 հազար զինվորականներ են գործելու պարեկման «Սանտինել» գործողության շրջանակներում»,-ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարությունը եւ անվտանգության ուժերը լիովին մոբիլիզացված են եւ պատրաստ են քվեարկության օրվան: Ի լրումն 50 հազար ոստիկանների, որոնք ապահովելու են անվտանգությունը, բարձր պատրաստության վիճակի են բերված երկրի անվտանգության ուժերի բոլոր էլիտային ստորաբաժանումները»,­-ասել է նա՝ հորդորելով «տեղի չտալ վախին, սպառնալիքներին ու մեքենայություններին, որոնք ձեռնտու են միայն թշնամուն»:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, հարձակվողի ավտոմեքենան ապրիլի 20-­ին տեղական ժամանակով ժամը մոտ 21-­ին կանգ է առել ոստիկանական ավտոբուսի մոտ: Նա դուրս է եկել ավոմեքենայից եւ կրակ բացել ինքնաձիգ զենքից: Ականատեսների ասելով՝ նա զինված էր Կալաշնիկով ինքնաձիգով: Ոստիկաններից մեկին սպանելուց հետո հարձակվողը փորձել է փախչել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա, որոնցից երկուսը վիրավորվել են: Հաղորդվում է նաեւ պատահական անցորդի վիրավորվելու մասին:

Տղամարդն սպանվել է պատասխան կրակով: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ազգին հղած ուղերձով՝ հայտարարելով, որ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչական բնույթի հետքեր ունի: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-­ին եւ մայիսի 7-­ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս