Ահմադինեժադին մերժեցին գրանցել նախագահի թեկնածու
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մերժել են նախագահի թեկնածու գրանցել հերթական ընտրություններում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Իսկ գործող նախագահ Հասան Ռոուհանին ներառվել է թեկնածուների թվում: Նաեւ թեկնածու է հաստատվել կոշտ ուղեգծի կողմնակից Էբրահիմ Ռաիսին:
Ավելի վաղ Ահմադինեժադը փաստաթղթեր էր հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար: Մինչ այդ նա հայտարարել էր, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ էր տվել չմասնակցել ընտրություններին:
Նախագահական մրցարշավին մասնակցել ցանկացողները կարող էին գրանցվել մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: Այնուհետեւ ընտրություններին նրանց մասնակցությանը պետք է հավանություն տրվի Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Պահապանների խորհուրդը պարտավոր է թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել ապրիլի 27-ին:
Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է եղել 2005 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ 2013 թվականի օգոստոսի 3-ը: Նախքան նախագահ դառնալը նա զբաղեցրել է Արդեբիլի նահանգի նահանգապետի եւ Թեհրանի քաղաքագլխի պաշտոնները: