ԱՄՆ-ում ոստիկանն ինքն իրեն տուգանել է

ԱՄՆ-ի Սփերի քաղաքի (Օկլահոմայի նահանգ) ոստիկաններից մեկն ինքն իրեն տուգանել է արագության գերազանցման համար: Այս մասին հայտնել է UPI-ն:

Սփերիի բնակիչներից մեկը տեսագրել է այն ավտոմեքենան, որն ընթանում էր ժամում ավելի քան 130 կիլոմետր արագությամբ: Դրա ղեկին եղել է քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Ջասթին Բերչը: Տեսնելով տեսագրությունը՝ նա Facebook-ով դիմել է քաղաքի բնակիչներին:

«Ես շտապելու պատճառ ունեի, բայց իմ արագությունը խելամիտ չէր»,- գրել է նա եւ հայտնել, որ ստացված բողոքից հետո իրեն տուգանել է եւ մտադիր է այն վճարել, ինչպես մյուս բոլոր քաղաքացիները: Խախտումն նրա վրա կնստի 300 դոլարը գերազանցող գումար:

Բերչը լրագրողներին խոստովանել է, որ իրեն չէր տուգանի, եթե չլիներ տեսագրությունը: «Բայց ինչպես եւ մյուսները, ես պետք է պատասխան տամ իմ գործողությունների համար, քանի որ բռնվել եմ»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս