Թուրքիայի քեմալական կուսակցությունը հնարավոր է հեռանա մեջլիսից
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Սելին Սայեք Բոքեն հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի ընդունում Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Սելին Սայեք Բոքեն, ով ներկայացրել է Հանրապետական ժողովրդական կուսակցության հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» նշել է, որ հանրաքվեի արդյունքները անօրինական են և չեն արտահայտում Թուրքիայի քաղաքացիների կամքը:
Կուսակցության հետագա քայլերի վերաբերյալ խոսելիս Բոքեն հայտնել է, որ եթե հանրաքվեի արդյունքները անվավեր չճանաչվեն և նոր հանրաքվե չկազմակերպվի, հնարավոր է նաև, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը լքի մեջլիսը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը կուսակցության անունից ապրիլի 18-ին հանրաքվեի արդյունքների վերաբերյալ բողոքարկման դիմում էր ներկայացրել բարձրագույն ընտրական հանձնաժողով:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: